Ուրիշի փոսըAravot.am-ը գրում է.

2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ես ձայնս տվել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչի մասին գրել եմ թե՛ ընտրություններից առաջ եւ թե ընտրություններից հետո: Բայց, լինելով նրա համակիրը եւ ավելին` ջերմ հարաբերություններ ունենալով նրա զինակիցներից ոմանց հետ, ես չխուսափեցի «ՀԱԿ-ական ակտիվիստների» պարբերական վիրտուալ հարձակումներից եւ հայհոյանքներից: Պատճառն այն էր, որ «Առավոտը» հրապարակում էր ոչ միայն «Սերժիկ, հեռացիր», «Հաղթելու ենք» եւ «Ռեժիմը խուճապի մեջ է» թեմայով նյութեր, այլեւ հակառակ եւ չեզոք կարծիքներ: Ես էլ, որքան էլ համակրեմ Առաջին նախագահին, չեմ կարծում, որ նա անսխալական է, եւ նրա բոլոր քայլերը հանճարեղ են:

Բնականաբար, ես «հոգեբանական պրեսինգի» միակ թիրախը չէի` ինձնից շատ ավելի արժանավոր մարդիկ շանտաժի էին ենթարկվում` եթե այսպես ասես, ուրեմն հաճախորդ ես, եթե այնպես անես, ուրեմն դհոլ ես եւ այլն: Մի խոսքով` կա միայն սեւ եւ սպիտակ՝ «ով մեր հետ չէ, նա մեր դեմ է», «քայլ աջ, քայլ ձախ` գնդակահարություն» եւ այլն: Նման մտածողության ազդակները գալիս էին, կարծում եմ, հենց առաջին նախագահից, հակառակ դեպքում այդքան կազմակերպված բնույթ չէին կրի: Տարիների ընթացքում ՀԱԿ-ն, իհարկե, փոխվել է, դարձել է ավելի հանդուրժող եւ լայնախոհ, բայց նրանց կողմից խաղի մեջ մտցրած եւ շատ շատերի կողմից ընդունված ավանդույթը պահպանվեց եւ զարգացավ, տարածվեց այլոց մոտ: Հիմա, ֆեյսբուքի զարգացմանը եւ հասարակության ռադիկալացմանը զուգահեռ, վերոհիշյալ «հոգեբանական պրեսինգը» դարձել է ավելի ծանր, ավելի կազմակերպված, ավելի համատարած: Այնքան համատարած, որ շանտաժի ենթակա «պրոսկրիբցիոն ցուցակներում» հայտնվեցին նաեւ… ՀԱԿ-ը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչպես ասում են, ուրիշի համար փոս մի փորիր:

Այս անգամ «վերեւից իջեցված» բանաձեւը հետեւյալն է. «այս տղաները ազգի նվիրյալներ են, որոնք իրենց գործողություններով (այսինքն` ոստիկանության շենքը գրավելով, պատանդ պահելով եւ ոստիկան սպանելով) կերտում են Հայաստանի պայծառ ապագան»: Եթե որեւէ մեկը մի փոքր շեղվում է այդ բանաձեւից եւ իրավիճակին տալիս է այլ գնահատական` թեկուզեւ իշխանություններին խիստ դատապարտող, իշխանափոխություն պահանջող, կամ եթե որեւէ մեկը գլուխ ջարդելուց, գյուլլելուց եւ սատկացնելուց զատ՝ որեւէ այլ առաջարկ է անում, ապա նա արժանանում է առնվազն «իշխանության սպասարկուի» պիտակին, իսկ ավելի հաճախ` լատինատառ հայերենով գրված սեռական բնույթի հայհոյանքների: Նպատակը պարզ է` ստիպել, որ այդ գործիչները կա՛մ տեղավորվեն վերոհիշյալ բանաձեւի մեջ, կա՛մ ընդհանրապես լռեն: Շատերը բարոյական այդ զանգվածային ճնշումից կոտրվում են եւ անում են կամ մեկը, կամ մյուսը: Ոմանք (օրինակ՝ Տիգրան Հակոբյանը կամ Ազատ Արշակյանը) շարունակում են դիմադրել եւ համառորեն առաջ տանել իրենց տեսակետը:

…Հետաքրքիր է, երբ 20 տարեկան երիտասարդը, որն առայժմ որեւէ բան չի հասցրել անել, սեւացնում է Տիգրան Մանսուրյանին, ի՞նչ է, նա կարծում է, որ դրանից ինքը «սպիտա՞կ» կդառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել