Ադրբեջանում թուրքական ռազմական բազա բացելուց հետո՞ էլ է Ռուսաստանը նազուտուզերը շարունակելու Ադրբեջանի հետ։ Որքանով որ ես եմ հասկանում, Ռուսաստանի նազուտուզը անդրկովկասյան թաթարների հետ ոչ միայն վերջին ամիսներին ու տարիներին, այլև 20-րդ դարի սկզբի ի վեր պայմանավորված է եղել միայն մեկ հանգամանքով․ մեկուսացնել Թուրքիային՝ այնտեղ ռազմաքաղաքական ներկայություն ունենալուց։

Հիմա, կարծես թե, այս ռուբիկոնը Ադրբեջանն անցավ ու հարց է առաջանում, թե Ռուսաստանի համար էլ ի՞նչ մոտիվատոր կա՝ Հայաստանի հետ հարաբերությունների հաշվին փորձել բալանսավորել Թուրքիայի ռազմաքաղաքական ազդեցությունն Ադրբեջանում։ Չեմ ուզում ամպագոռգոռ ու ապոկալիպտիկ կանխատեսումներ անել, բայց սա առնվազն ապտակ էր Ռուսաստանի վերջին տարիների վարած արտաքին քաղաքականությանը և եթե այժմ Ռուսաստանը կտրուկ շրջադարձ չկատարի ու չդադարի իր իբր բալանսավորված հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ, հայտնվելու է կոտրած տաշտակի առջև, քանի որ արդեն կորցրել է Ադրբեջանը և կրկնկակոխ գնում է դեպի Հայաստանը կորցնելուն։

Սակայն, կրկին ու կրկին անգամ, այս իրավիճակից մենք կարող ենք օգտվել միայն այն դեպքում, եթե մեր արտաքին քաղաքականությունը կառուցեն այս փոփոխություններին համահունչ ու մեր շահերից բխող, ոչ թե պահի տակ ու ֆրանկոֆոնիայի սեմինարների ֆուրշետային սեղանները չափչփելով։ Մենք հիմա իրոք ունենք հնարավորություն Ռուսաստանից ահագին շատ բաներ ստանալու՝ մեզ համար մաքսիմալ ձեռնտու պայմաններով։ Մնում է ունենալ համապատասխան քաղաքական կամք ու դիվանագիտական հմտություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել