Շուրջ 100 ժամ է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խմբի անդամները ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ են պահում մի քանի ոստիկանների:

Այս պահին իրավիճակը Խորենացի փողոցում հանգիստ է, սակայն երեկ երեկոյան ժամը 21.30-ի սահմաններում բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ցուցարարները պահանջել են լուծել «Սասնա ծռեր» խմբի սննդամթերքի հարցը, սակայն արձագանք չեն ստացել: Դրանից հետո ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հարվածներ հասցրել։ Ոստիկանները սկսել են աղմկարար նռնակներ նետել, հատուկ միջոցներ կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար։ Իրավապահները նաեւ արցունքաբեր գազ են կիրառել։ 

Ցուցարարներն աղբամանները բարիկադներ են սարքել: Մի խումբ ցուցարարներ էլ փակել են Տիգրան Մեծ- Նար Դոս հատվածը:

Ժամը 02.30-ի դրությամբ, Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետեւանքով բուժհաստատություններ տեղափոխվածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան: 

Վաղ առավոտյան ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը սկսել է մաքրել Խորենացի փողոցը ցուցարարներից: Ոստիկանությունը ցուցարարներին նախազգուշացում է արել՝ ազատել փողոցը, եւ 15 րոպե ժամանակ տվել, սակայն վերջիններս չեն հեռացել: Ոստիկանները բացել են վահաններով շարքը եւ սկսել արագ բերման ենթարկել ցուցարարներին։ Հաշվված րոպեների ընթացքում մի քանի տասնյակ անձինք բերման են ենթարկվել, այդ թվում՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները, այդ թվում նախագահը: Քաղաքացիներից մի քանիսի նկատմամբ ուժ է կիրառվել։ Ոստիկանության այդ գործողություններից հետո Խորենացու պողոտայում ցուցարարներ չեն մնացել։

Բերման ենթարկվել նաեւ ցուցարարներ Տիգրան Մեծի պողոտայից, Նար-Դոսի փողոցից։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել