Վրաստանի ու Թուրքիայի կառավարությունները ստորագրել են վեց համաձայնագիր տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ:
Նիստի արդյունքներով ստորագրվել է Անկարայի հռչակագիրը՝Ռազմավարական համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին:Թուրքիան Վրաստանի հիմնական առևտրային գործընկերն է: 2015թ.-ի արդյունքներով Վրաստանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1,52 միլիարդ դոլար: Երկու երկրները միմյանց ընկալում են որպես ռազմավարական գործընկերներ, իսկ Թուրքիան աջակցում է Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ուղենիշը:
Վրաստանի համար Թուրքիան շարունակում է մնալ տնտեսական կարևոր գործընկեր՝հակակշիռ ռուսական շուկային ու ազդեցությանը, ինչպես նաև ռազմա-տեխնիկական ոլորտի ամրապնդման համար կարևոր գործընկեր: Անկարան ներդրումներ է իրականացնում վրացական տնտեսության տարբեր ոլորտներում՝Վրաստանն այն պատուհանն է, որի միջոցով Թուրքիան դուրս է գալիս դեպի Ադրբեջան, Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա:
Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շահագործումից հետո թե երկկողմ՝թուրք-վրացական, թե եռակողմ՝թուրք-վրաց-ադրբեջանական տնտեսական կապերը նոր մակարդակի վրա են բարձրանալու: Թուրքական կապիտալի ամրապնդումը Վրաստանում քաղաքական ազդեցության համար լավ նախադրյալներ է ստեղծում, իսկ հաշվի առնելով Ադրբեջանի ու Վրաստանի սերտ էներգետիկ-տրանսպորտային, ռազմավարական կապերը Բաքուն ու Անկարան ունեն պաշտոնական Թբիլիսիի վրա ներազդելու լուրջ լծակներ՝թուրք-ադրբեջանական տանդեմի լոբբին Թբիլիսիում այս պահին որոշիչ է: Հաշվի առնելով ՌԴ-Վրաստան սրված հարաբերությունները՝Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումների, վրացական տարածքում ամերիկյան, նատօական զորավարժությունների հետ կապված կարելի է ենթադրել, որ Վրաստանն անընդհատ արգելափակելու է ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդումը՝փակ պահելով թե աբխազական երկաթգիծը, թե փորձելով արգելակել Վրաստանում հայկական գործոնի ամրապնդումը՝այն ընկալելով ռուսամետ տարրի դիտանկյունից:
ՀՀ-ի համար կարևոր է Վրաստանը հավասարակշռված դիրքորոշումը այդ թվում ՀՀ-ի նկատմամբ, քանի որ Վրաստանի վերածումը թուրք-ադրբեջանական հակահայկական կոալիցիայի մի մասի ՀՀ-ի հյուսիսում կստեղծի անվտանգային առումով այլ իրավիճակ՝հաշվի առնելով ՀՀ-ի սահմանակից ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի շրջանի առկայությունը, Ջավախքի հայաթափումը՝թե օբյեկտիվ, թե սուբյեկտի պատճառներով, այնտեղ թուրք-մեսխեթցիների և աջարացիների բնակեցումը, ինչպես նաև ռուս-վրացական հարաբերությունների սրումը՝շուտով նախատեսված է Հարավային Օսիայի՝ՌԴ-ի կազմ մտնելու հանրաքվե, նոր բաժանարար գծեր կառաջացնի Հարավային Կովկասում, իսկ ՀՀ-ի մեկուսացումն արդեն կուրվագծվի Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան աշխարհագրական սահմանով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել