Այս տարին հայ ժողովրդի համար առանձնացավ յուրահատուկ ցնցումերով ու փորձություններով:

Փաստենք, որ լարված և օրհասական իրավիճակներում մեր ժողովուրդը միշտ աչքի է ընկնել իր համախմբվածությամբ ու միասնական ոգով: Այս ամենը վառ արտացոլվեց ապրիլին, երբ արտաքին ագրեսորի դեմ ցուցադրվեց աննկուն ու մարտունակ կամք: Դա արտաքին վտանգի և ազգային թշնամու դեպքում, իսկ հիմա՞…

Լուսաբացին Երևանում տեղի ունեցած «ահաբեկչական ակտը» (այն այլ կերպ անվանել չի կարելի), ցնցեց հասարակության ադեկվատ հատվածի բանականությունը:

Միջադեպի կազմակերպիչներն իրենց հարցազրույցներում նշում են, որ հարձակման ժամանակ դիմադրություն է ցուցադրվել, այդ իսկ պատճառով ստիպված են եղել կրակել:

Չեմ փորձի որակումներ ու գնահատականներ տալ ուղղակի կփորձեմ ներկայացնել մտահոգությունս. ըստ իս` անկախ նպատակներից ու իրենց ցանկություններից, անթույլատրելի է երկրի ներսում գնալ նման որակի ցնցումների, հատկապես երկրում կարգ ու կանոն ապահովող համակարգի վրա, անկախ այն հանգամանքից, թե ովքեր են այդ տեռորի հեղինակները:

Պետք է փաստենք, որ նրանք հարձակվել են զորամասի վրա, իսկ զորամասի հերթապահները, վերակարգի ներկայացուցիչները պարտավոր են կանխել ցանկացած տիպի հարձակում, ուստի անհիմն և իրենց քայլերն արդարացնող մարդիկ կորցրել են իրականության զգացումը և հավանաբար գտնվում են մարտաֆիլմերի ազդեցության տակ:

Հարց է առաջանում, թե անկախ դեպքերի հետագա ընթացքից, ո՞վ պետք է պատասխան տա զոհված ոստիկանի մահվան համար, կամ ո՞վ է որոշել, որ ոմանք քաղաքական հարցերի լուծման համար կարող են գնալ նման քայլերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել