Թուրքիայում մի շարք զինվորականների կողմից նախաձեռնված ռազմական հեղաշրջման փորձը տապալվել է: Էրդողանը դիմել է իր կողմնակիցներին կոչ անելով դուրս գալ Անկարայի ու Ստամբուլի փողոցներ՝հեղաշրջման փորձը խափանելու համար:
Թուրքիայում այս պահին իրավիճակն աստիճանաբար կայունանում է՝մի շարք բարձրաստիճան զինվորականներ ձերբակալվել են: Կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում:
Հեղաշրջման փորձը Թուրքիայում մի շարք եզրակացությունների առիթ է տալիս: Նախ, հեղաշրջմանը մասնակցել է զինվորականների շատ նեղ շերտ՝այն ընդգրկել է Թուրքիայի Անկարա ու Ստամբուլ քաղաքները՝մեկ միլիոնի հասնող թուրքական բանակի համընդհանուր ապստամբություն տեղի չունեցավ, Էրդողանին ու քաղաքական իշխանություններին լոյալ չլինելու պարագայում հեղաշրջումը կընդգրկեն Թուրքիայի մյուս հատվածները, սակայն դա տեղի չունեցավ: Էրդողանի կողմից տարիներ շարունակ ԳՇ-ի ու ՊՆ-ի զտումը տվել են իրենց արդյունքները՝նրա իշխանությանը դեմ արտահայտվողներն ու Գյուլենի համակիրները հեռացվել են բանակի շարքերից:
Երկրորդ, Թուրքիայում փորձ արվեց իրականացնել հենց ռազմական հեղաշրջում(ի տարբերություն պալատական, ներքին հեղաշրջումների)՝քաղաքական ոչ մի ուժ հանդես չեկավ նրանց օգտին, դուրս չեկան փողոցներ, Թուրքիայի բարձրագույն իշխանության բոլոր օղակները՝խորհրդարանի նախագահ, վարչապետ, ամենակարևորը հատուկ ծառայությունների(MIT) ղեկավարությունը հավատարիմ մնացին Էրդողանին՝պետական ողջ ապարատը մասնակից չդարձավ և չմիացավ զինվորականներին, ինչը կարող էր ավելի արդյունավետ դարձնել իշխանափոխությունը ներսից: Պատահական չէ, որ հեղաշրջման մասնակիցները կրակ էին բացել հետախուզության և խորհրդարանի շենքերի վրա՝պառլամենտում մեծամասնություն են կազմում Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը, այսինքն նա ունի խորհրդարանի լայն աջակցությունը կամ գոնե լոյալությունը, իսկ հատուկ ծառայությունները ժամանակին ակտիվորեն մասնակցել են զինվորականներին ձերբակալելու և զտման գործընթացին, այդ պատճառով օդային հարվածներից մեկն էլ ուղղված էր նրանց կենտրոնատեղիին:
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն անմիջապես իրենց աջակցությունը հայտնեցին Էրդողանին՝դրանով բացառելով ամերիկյան հետք փնտրելու փորձերը: Ամերիկացիները հեղաշրջում իրականացնելիս ճիշտ են հաշվարկում և եթե ցանկություն ունենային տապալել Էրդողանին դա կանեին այլ ուղիներով, հասկանալով, որ հատուկ ծառայությունները, բանակը, ոստիկանությունը, պետական ապարատի մեծ մասը նրա կողքին է, բացի այդ, Էրդողանի մեծ վարկանիշ ունի ժողովրդի շրջանում՝հատկապես մոլեռանդ իսլամական և գյուղական շրջանների, այսինքն ժողովրդին փողոց դուրս բերել Էրդողանին տապալելու կոչերով և պաստառներով նույնպես բարդ էր: Բացի այդ, այժմ Էրդողանի ԱՄՆ-ի հետ միասին մասնակցում է սիրիական հակամարտությանը՝իրականացնելով այն հրամանները, որոնք գալիս են Վաշինգտոնից՝այդ թվում ունեն միևնույն թիրախները՝տապալել Ասադին, թուլացնել իրանական ազդեցությունը Մերձավոր Արևելքում ՝կոնկրետ Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, բացի այդ, Անկարան քայլեր է ձեռնարկում Իսրայելի՝ԱՄՆ-ի մեկ այլ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Էրդողանին տապալել ԱՄՆ-ի համար այս պահին ձեռնտու չէ և որևէ կոնկրետ աշխարհաքաղաքական իմաստ չի պարունակի:
Մեկ այլ կարևոր հանգամանք՝զինվորականները տեսնելով, որ հեղաշրջումը տապալվել է սկսել են հանձնվել, զենքերը վայր դնել, այսինքն նրանք նույնպես զգացին, որ Էրդողանն այս պահին ուժեղ է, իսկ ժողովուրդը դուրս չի գալիս նրանց ծաղիկներով դիմավորելու կամ ողջունելու: ԶԼՄ-ները գտնվում են Էրդողանի և նրա մերձավորների վերահսկողության տակ՝այս հեղաշրջումը ներկայացվելու է որպես Գյուլենի կողմնակիցների քայլ, Էրդողանը կցուցադրի, որ նա կայուն է, չի փախել երկրից, վերահսկում է իրավիճակը՝բարձրացնելով իր վարկանիշն ու այս հեղաշրջման փորձը կրկին անգամ կհաստատի և այդպես կներկայացվի հանրությանը՝սահմանադրությունը փոխելու և սուպերնախագահական համակարգին անցնելու անհրաժեշտությունը՝<<Թուրքիային ուժեղ ձեռք է պետք>> կոչերով:
Էրդողանը սկսելու է <<վհուկների որս>>՝ձերբակալվելու են ինչպես գյուլենականները, հնարավոր է այս աղմուղի ներքո նաև քրդական ակտիվիտսները, Էրդողանի այլ ընդդիմախոսները, ինչպես նաև մեծ, խոշոր զտումներ կիրականացվեն բանակում՝կուժեղացվի հատուկ ծառայությունների և ոստիկանական լիազորություններն ու բանակն ամբողջությամբ կանցնի Էրդողանի վերահսկողության տակ, քանի որ նա արդեն զգաց այնտեղից եկող վտանգները, չէ որ հեղաշրջումն կարող էր ավարտվել նաև իր տապալմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել