Վերջապես հանգուցալուծվեց ՀՀ նախագահական ընտրությունների ամենաթեժ ինտրիգը: Ռեպարտյորները շաբաթներ շարունակ գլուխ էին ջարդում ինֆորմացիա հայթայթելու համար, դեսպանատները հապաղում էին ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին հանդես գալ գնահատականներով, թեկնածուները պարբերաբար դիմում էին բժշկի՝ ճնշման տատանումները կարգավորելու համար, սիրահարները այդ ինտրիգը համարում էին անհաղթահարելի խոչընդոտ Սուրբ Վալենտինի օրվա համար և արդեն հնչում էին կոչեր՝ ՍԴ դիմելու և սիրահարների օրվան նվիրված տոնակատարությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով, սակայն վերջապես ինտրիգը պայթեց: Քաղաքական դաշտը դեռևս ուշքի չի գալիս իրադարձությունների անկանխատեսելի զարգացումից: 
Եվ այսպես, ընտրությունների գլխավոր ինտրիգը հանգուցալուծված է: Հայաստանի դեմոկրատական կուսակցության վարչությունը որոշել է, որ ՀԴԿ-ն կսատարի գործող նախագահ Սերժ Սարգսյանին` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԴԿ առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը:
Հայտարարությանը հետևեց քաղաքական նոր փոթորիկ՝ Նուռը նստեց մեկօրյա հացադուլի՝ ի նշան բողոքի, Անդրիասը իր հացադուլը հայտարարեց ցմահ, Բագրատյանն ու Րաֆֆին դեռ չեն կարողանում սթափ վերլուծել իրավիճակը՝ շոկից դուրս գալու համար...
ՀՀԿ-ն ցնծության մեջ է: Սերժ Սարգսյանը հավանաբար կընդհատի քարոզարշավը: Կարիք չկա դռնեդուռ ընկնել, եթե այսպիսի հզոր ուժ կա թիկունքիդ...
Ափսոս, ընտրությունների գլխավոր ինտրիգը մարեց: Բա սա անելու բան էր, Գասպարիչ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել