Ապրիլյան պատերազմում մեր ձախողումները, բանակում առկա անթիվ-անհամար թերությունները կոծկող, իսկ հիմա արդեն հող հանձնելու մտադրություններն արդարացնող իշխանական թեզերը սպասարկող այսպես կոչված opinion-maker-ներն ավելի վատը գտնվեցին քան նույնիսկ մի շարք անգրագետ ՀՀԿ-ականներ։ Սոցցանցային ակտիվ, իրենց պետականմետ հորջորջող, բայց իրականում ընդամենն իշխանմետ մի խումբ կա, ասում-խոսում են իրենց բացած մասնագիտական խմբերում, like-ում մեկը մյուսի հրապարակումներն ու մեկնաբանությունները, այստեղ քննարկվում են ինտելեկտուալ և ակտուալ քաղաքական-ռազմական հարցեր, և դրանց համատեքստում գրագիտորեն շրջանցվում են այն իրական խնդիրները, որոնք ներսից քանդում են մեր պետականությունը, մի խոսքով այս՝ իրենց քարոզչության հայրեր հռչակած մարդիկ գիտեն գրագիտորեն լռել մեր վերքերի մասին և գրագիտորեն բամբասել Ադրբեջանին։ Սոցցանցային քննարկումներում իրենց կառուցողական և գրագետ համարող այս մարդիկ, իշխանությանը հավասար խաբում են ժողովրդին և փորձում հանրային կարծիքը խարսխել այն նույն կեղծիքների վրա, ինչ կեղծիքների վրա, որ իշխանությունն է խարսխված։
Այս մարդիկ էին, որ ապրիլյան պատերազմի օրերին մեզ համոզում էին, թե Ալիևը ռազմական հարձակում է նախաձեռնել իբրև թե սեփական հասրակության ուշադրությունը պանամական օֆշորային սկանդալից շեղելու նպատակով, բայց միևնույն ժամանակ, եթե նրանց քոռ դանակով էլ մորթեիր, մի տառ անգամ չէին գրի այդ նույն օֆշորային սկանդալում հայտնված հայկական ազգանունների մասին։ Բայց սա էլ մի կողմ, լռելը դեռ այդքան կործանիչ չէ, որքան խաբելը։ Վատն այն է, որ մեր հասարակությանը թույլ չեն տալիս տեսնել ու հասկանալ իրերն այնպես ինչպես որ դրանք կան։ Իրականում ապրիլյան պատերազմն Ալիևի համար մեկ նպատակ ուներ՝ գրավել Ղարաբաղը, իրականում Ղարաբաղը գոնե հիմա Ալիևի համար ոչ թե սեփական բռնատիրական կարգերն անսասան պահելու միջոց է, այլ ռազմավարական նպատակ, իրականում, դուք ինձնից լավ գիտեք, որ Ալիևը խորապես թքած ունի հանրային կարծիքի վրա։ Ցավոք, Ղարաբաղը մեր իշխանության համար է, որ շահարկման առարկա և կռվան է սեփական ժողովրդի դեմ՝ անխռով վերարտադրություն ապահովելու, իր կյանքը երկարաձգելու համար և ամեն անարդարություն մարսելու համար։
Այս մարդիկ էին, որ ապրիլյան պատերազմում Ադրբեջանի հազարների հասնող կորուստները մեզ փորձում էին ռազմական ձեռքբերում մատուցել։ Իսկ մի թե դուք չգիտեք որ այս 9 միլիոնանոց թուրքական պետության և հասարակության համար, այս դեռևս հոտային-չոբանային մտածողություն ունեցող ժողովրդի մտածողության մեջ այդ 2000-3000 կորուստն ամենևին էլ կորուստ չէ, վիշտ ու ցավ չէ, ուրեմն ինչու եք փորձում 4 օրվա ընթացքում 100 չարդարացված զոհ տված այս ժողովրդին մխիթարել մի բանով, որը նույնիսկ թշնամու համար կորուստ չի համարվում։
Այս մարդիկ էին, որ երկար ժամանակ մեզ խաբում էին, թե մարտունակ բանակ ունենք, այնինչ պարզվում է, որ տանկերում վառելիք չկա, հրազենի մեջ՝ փամփուշտ, պարզվում է տարածաշրջանի մարտունակ բանակի տիտղոսով ինքն իրեն շնորհած բանակի զինվորները մի քանի եվրոյանոց գիշերային տեսանելիության սարքեր չունեն և այլն, և այլն։
Այս մարդիկ են, որ ամբողջ օրը խոսում են այն փաստից, որ ադրբեջանական քարոզչամեքենան միֆերով է սնում սեփական հասարակությանը, և այդ միֆերը մի օր ջարդվելու են այդ հասարակության գլխին։ Եթե այդքան լավ գիտեք հանրությանը ստելու հետևանքները, ուրեմն ինչու եք նույն մեխանիզմները կիրառում մեր ժողովրդի նկատմամբ։
Հ. Գ. Ապրիլյան պատերազմը որքան էլ ծանր էր ու դաժան էր մեզ համար, սակայն մի շատ կարևոր նշանակության ունեցավ մեր հասարակության համար, օգնեց մեզ առերեսվել դառն իրականության հետ, որը խնամքով կոծկվում էր իշխանության և նրա քարոզիչների կողմից։ Ապրիլյան պատերազմում մեր ժողովուրդը շատ ծանր կորուստներ ունեցավ, փոխարենը մեր հաղթանակն եղավ ճշմարտությունը, դառը՝ բայց ճշմարտությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել