Օրեր առաջ տեղի ունեցած հեղեղումից հետո Արթիկը զարմանալի արագությամբ ոտքի է կանգնում: Հունիսի 24-ին սելավաջրերը հաշված ժամերի ընթացքում հողին հավասարեցրին արթիկցիների տարիներ աշխատանքը: Բազմաթիվ տներ ու անասնագոմեր լցվեցին ցեխաջրով ու քարերով, անասունների անկում գրանցվեց:

Բայց այս օրերին, բարեբախտաբար, արթիկցիներին հաջողվեց վերադառնալ իրենց բնականոն կյանքին: Մի կողմից դրան նպաստեց ժողովրդի համախմբվածությունը, մյուս կողմից՝ պետական գերատեսչությունների արագ արձագանքն ու տուժած բնակիչներին օգնելու պատրաստակամությունը: Շատ դեպքերում տներն ու ճանապարհները մաքրվել են հատուկ տեխնիկայի օգնությամբ:

Հեղեղումից տուժած բնակիչներն իրենց անհանգստությունն են հայտնել կրած վնասի վերաբերյալ, նշել են, որ թեև կառավարությունը օժանդակություն տրամադրել է, բայց գումարի չափը վնասին համապատասխան չէ: Երեկ գործադիրի ղեկավարը կրկին այցելել էր Արթիկ, բնակիչները կարողացել են իրենց մտահոգությունները ներկայացնել վարչապետին: Հեղեղից տուժած բնակիչների հետ զրույցից հետո որոշվել է առավել շատ վնասներ կրած արթիկցիներին տրամադրվող օժանդակության չափը վերանայել: Գուցե ոմանց դեպքում տրվող օժանդակությունն իսկապես էլ համաչափ չէ կրած վնասին, բայց փորձ է արվել օժանդակություն տրամադրել բոլոր տուժած քաղաքացիներին՝ անկախ վնասի չափից: Եվ առկա որոշ անհամաչափությունների պատճառը կայանում է նրանում, որ հեղեղումն իսկապես աննախադեպ է եղել, վնասը՝ ևս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել