Իմ գրառումներում հաճախ եմ անդրադառնում ճանապարհաշինության կարևորությանը: Նորից պիտի կրկնեմ, որ կոմունիկացիան պետության համար ունի գերկարևոր ռազմավարական նշանակություն: Այս անգամ որոշել եմ անդրադառնալ ՀՀ թիվ մեկ կամունիկացիային` Հյուսիս-հարավ մայրուղուն:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան՝ 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի աշխատանքները մեկնարկել են դեռևս 2009 թվականին, ըստ ծրագրի, աշխատանքները նախատեսված է ավարտել 2019 թվականին: Ծրագրի մեկնարկից հետո, սակայն, անընդհատ խնդիրներ են առաջացել: Մամուլում պարբերաբար հրապարակումներ են եղել այն մասին, որ այս կամ այն խնդրի պատճառով աշխատանքները դադարեցվել են:

2015 թվականի ավարտին՝ անհասկանալի պայմաններում ու նույնքան անհասկանալի պատճառներով փակվեցին շահագործման հանձնված Աշտարակ-Երևան և Երևան-Արտաշատ հատվածները, երթևեկությունը դարձավ միակողմանի, ինչն իր հերթին մայրուղու երթևեկն ամբողջությամբ կաթվածահար էր անում:

Հյուսիս-հարավի հետ կապված հերթական խնդրի մասին այս անգամ ՏԿ նախարարությանն իրազեկեց գործադիրի ղեկավարը: Խնդիրն այն աստիճանի է գերակա դարձել, որ դրա մասին իշխանության ներկայացուցիչներն ուղիղ կերպով բարձրաձայնում են և բացատրություն պահանջում:

Կառավարության ղեկավարը ՏԿ փոխնախարարից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Աշտարակ-Թալին ճանապարհի շինարարությունը դանդաղում: Փոխնախարար Առաքելյանը պատասխանել է, որ շինարարությունն ընթանում է ըստ գրաֆիկի, և իրենք նման ահազանգ չեն ստացել, ինչին վարչապետը հակադարձել է և ընդգծել, որ տվյալ պահին խնդրի մասին ահազանգը բարձրացնում է ինքը: Գործադիրի ղեկավարը նաև հավելել է, որ խնդիրը, ըստ երևույթին, կապված է իսպանական ընկերության հետ, որը չարիք է դարձել: Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է խնդիր առաջանում:

Հավելեմ միայն, որ նշված տրանշի շինաշխատանքների համար բավականին լուրջ ծավալի գումար է դրված և գործադիրը հանձնարարել է ուժեղացնել ինչպես ժամկետների կատարման, այնպես էլ ֆինանսական մասի վերահսկողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել