Ըստ ամերիկյան IHS վերլուծական կենտրոնի կողմից օրերս հրապարակված զեկույցի՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը վերջին 18 ամսների ընթացքում կորցրել է Իրաքում և Սիրիայում իր վերահսկողության ներքո գտնվող տարածքների շուրջ ¼ հատվածը: 2015 թ. հունվարից, այսինքն՝ կառույցի կողմից «խալիֆայություն» հռչակելուց ընդամենը 6 ամիս անց, ԻՊ-ի տարածքը 90.800 կմ/2-ից նվազել է մինչև 68.300 կմ/2:

Նշված ժամանակահատվածում ծայրահեղական կառույցի դեմ պայքարն առավել արդյունավետ է ընթացել հատկապես Իրաքի տարածքում, քանի որ այստեղ իրականացված գործողությունները շատ ավելի արդյունավետ են եղել, կայացել է առարկայական համագործակցություն օդային և ցամաքային ռազմագործողությունների համաժամանակյա կազմակերպման հարցում: Իրաքում ահաբեկչական խմբավորման դեմ միաժամանակ գործել են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի և իրաքյան օդուժերն, իսկ ցամաքում՝ իրաքյան բանակային ստորաբաժանումները, նրանց հարող ժողովրդական պաշտպանական ուժերը, շիայական առանձին խմբավորումներ, ինչպես նաև՝ Իրաքյան Քրդստանի ռեգիոնալ կառավարության զինված ուժերը (փեշմարգա):

Սիրիայի պարագայում իրավիճակը տրամագծորեն այլ է, թեպետ այստեղ ԻՊ-ի դեմ հանդես եկող ուժերը շատ ավելի բազմազան ու մարտունակ են: Սիրիական ռազմադաշտում ստեղծված իրավիճակի պատճառը, թերևս, խաղացողների միջև առկա մրցակցությունն ու շահերի իրարամերժ լինելու հանգամանքն է՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դերակատարների առումով՝ մի կողմից ՌԴ, Իրան, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիա, իսկ տարածաշրջանում՝ Սաուդյան Արաբիա, Կատար, Թուրքիա և այլն: Գրեթե նույնաբովանդակ իրավիճակ է նաև ցամաքում. դարձյալ ընդհանուր համագործակցության բացակայությունը, տարբեր շահերը վերոնշյալ արտաքին դերակատարների կողմից հովանավորվող ներսիրիական ուժերի միջև՝ մի կողմից սիրիական բանակային ստորաբաժանումներ, նրանց հարող ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր, լիբանայան Հիզբալլահի միավորներ, մյուս կողմից՝ սիրիական ընդդիմադիր որոշ խմբավորումներ, քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր» (YPG), ինչն էականորեն խոչընդոտում է ԻՊ-ի դեմ արդյունավետ պայքար մղելու հնարավորությունը:

Այսուհանդերձ, չնայած ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող բազմակողմանի պայքարին, The Economic Times պարբերականի հաղորդմամբ՝ ԻՊ-ը շարունակում է մնալ ամենահարուստ ահաբեկչական կառույցն աշխարհում: Նույն ժամանակահատվածում՝ 2015թ. սկսած, նավթի վաճառքից ԻՊ-ի ստացած շահույթը կրճատվել է միջինը 30%-ով, հետևաբար եկամուտների պակասը կառույցը փորձել է լրացնել սեփական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում ֆիսկալ քաղաքականության խստացմամբ. ընդհանուր առմամբ, ահաբեկչկան խմբավորման բյուջեում հարկերի բարձրացումից ստացված մուտքերն ավելացել են ոչ ավել, ոչ պակաս՝ 250%-ով, տարեկան կտրվածքով հասնելով շուրջ 800 մլն դոլարի:

Ըստ ոլորտների՝ հարկերի բարձրացում է արձնագրվել հետևյալ ուղղություններում՝ եկամտահարկ՝10%, գործարար հարկ՝ 15%, ճանապարհներից, ինչպես նաև բանկային հաշիվներից կանխիկացման համար գանձվող հարկեր՝ 5%, դեղորայքի վաճառքից ստացվող հարկեր՝ 35%՝ հավելած նաև մի շարք այլ հարկտեսակներ՝ մասնավորապես՝ սեփական բնակավայրերը նույնիսկ ժամանակավորապես լքելու հարկը, ոչ իսլամադավանների համար նախատեսված տուրքերը և այլն. այսուհանդերձ ԻՊ-ը 2015 թ. ավարտել է 500 մլն դոլար ընդահնուր շահույթով:

Այսպիսով, վերոնշյալը ևս թույլ է տալիս հերթական անգամ արձանագրել ահաբեկչական կառույցի բացառիկ ունակություններն՝ առաջացող մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու, ինչպես նաև՝ նոր իրավիճակներում ճկունորեն կողմնորոշվելու հարցերում, և այս ամենն ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական հարթություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել