BlogNews.am-ի գլխավոր խմբագիր

«Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու Կառավարության նախաձեռնությունը՝ ուղղված ատամնաբուժարանների հարկերի բարձրացմանը, լուրջ դժգոհությունների տեղիք տվեց ու լայն քննարկման առարկա դարձավ: Կարծում էի, որ քննարկման արդյունքում կվերանայվի այդ որոշման նպատակահարմարությունը, կամ գոնե սահմանված դրույքաչափերը կիջեցվեն: Բայց երբ լսեցի ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի, այնուհետև վարչապետի պարզաբանումները, լավատեսությունս տեղի տվեց:
Ցավում եմ, որ երբ մենք առավոտից երեկո ջանում ենք համացանցի հնարավորություններն առավելագույնս օգտագործելու ճանապարհով նպաստել երկրում քաղաքացիական հասարակության կայացմանը, որ ոչ ոք անտարբեր չլինի իրեն շրջապատող աշխարհի հանդեպ, մեկ էլ հանկարծ իշխանական ամենաբարձր ամբիոններից հնչում է, թե «Օրենքի դեմ բողոքողները հիմնականում բիզնեսի կազմակերպիչներն են»: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. այս կամ այն հարցի մասին կարծիք հայտնելուց առաջ պետք է հասարակության առաջ արդարանանք չկատարած «մեղքներիս» համար, որ բիզնես շահեր չե՞նք հետապնդում, ատամնաբուժարանի սեփականատե՞ր չենք, որպեսզի մեր կարծիքը անձնական մերկանտիլ շահով չբացատրվի՞: Ինչ խոսք, հավասարապես անընդունելի է, երբ այս կամ այն ոլորտում իրականացվող բարեփոխումներից տուժածները կառավարության քայլերը բացատրում են նրա կողմից բացառապես խոշոր գործարարների բիզնես շահերը սպասարկելու դրդապատճառով պայմանավորված:
Հիմնավոր չեմ համարում իշխանական այն տեսակետը, թե իրականում մեզ մոտ ստոմատոլոգիական ոլորտում հարկերը ցածր են, և մեկ կամ երկու բազկաթոռ ունեցող ատամնաբուժարանները կարողանում են գոյատևել, առանձնապես մեծ ծանրաբեռնվածություն չունենալով, հենց ցածր հարկերի ու ստվերային եկամուտների հաշվին: Եթե իսկապես կան այդտեղ ստվերային եկամուտներ, ապա ո՞վ է խանգարում հարկային արդյունավետ վարչարարության շնորհիվ գանձել համապատասխան գումարները: Բայց երբ բացահայտում են, որ իրենց նպատակը ատամնաբուժական ծառայությունների կենտրոնացումն է, այ սա արդեն մտորելու տեղիք է տալիս: Այն մասնագետները, որոնք այդ վերլուծությունը կատարել են, արդյո՞ք հաշվի առել են, թե քանի այցելության ժամանակ է բուժվում մեկ ատամը կամ պրոտեզավորում կատարվում և այլն, այդ ժամանակ պարզ կդառնա, որ առանց այն էլ ծանր սոցիալական վիճակում գտնվող մեր ժողովրդի համար պակաս կարևոր չէ նաև այդ ծառայության մատչելիությունը՝ հեռավորության տեսանկյունից: Ասել է թե՝ ատամնաբուժարանների քանակի ու ռացիոնալ տեղաբաշխման հարցը: Իսկ եթե կան գործարարներ, որոնք ցանկանում են ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող խոշոր ատամնաբուժարաններ բացել, դա միայն ողջունելի է: Կյանքը ցույց է տալիս, որ դրանք, որակյալ սպասարկման շնորհիվ, շատ արագ գտնում են իրենց հաճախորդներին: Դրա վկայությունն են սուպերմարկետները, որոնց մրցակցությանը չեն դիմանում խանութները: Իսկ եթե հենց առողջապահական հիմնարկների տեսանկյունը դիտարկենք, ապա այժմ կառավարության կողմից սպասարկումն ապակենտրոնացնելու քաղաքականություն է տարվում, որպեսզի մարզերից չգան հասնեն Երևանի բժշկական խոշոր կենտրոններ, ինչ է թե ավելի որակյալ սպասարկում ստանան: Այդ դեպքում ինչո՞ւ է ստոմատոլոգների հարցում փորձ արվում ֆինանսական մտրակի օգնությամբ, ինչն ինքնըստինքյան ենթադրում է՝ ուժային մեթոդներով, կատարել այդ ծառայության կենտրոնացում, ինչո՞ւ չի թողնվում, որ բնական մրցակցության ճանապարհով կատարվի հաճախորդների դիվերսիֆիկացիա՝ ըստ նյութական և այլ հնարավորությունների: Մանավանդ, որ արտասահմանից հաճախ են գալիս մեր երկրում ստոմատոլոգիական ծառայություններից օգտվելու նպատակով, իսկ այդ դեպքերում հաստատ որևէ թաղային նշանակության ատամնաբուժարանի չեն դիմի: Այնպես որ, այստեղ նույնպես խոշորները մրցակցային առավելություն ունեն:
Կարծում եմ՝ կառավարությունը որևէ քայլ անելուց առաջ պետք է համակողմանի վերլուծություն կատարի, քանզի նրա պարտականությունն է հաշվի առնել յուրաքանչյուրի շահը. խոշոր գործարար է, թե մանր, հարուստ հաճախորդ է, թե անապահով կենսաթոշակառու: Ինչու չէ՝ նաև աշխատանքը կորցնելու վտանգի առաջ հայտնված ատամնաբույժների շահը: Եվ չպետք է մոռանալ, որ բժիշկ-ստոմատոլոգի մասնագիտությունը բավական սպեցիֆիկ է, ու եթե այդ ոլորտում մարդն աշխատանք չունենա, ուզի թե չուզի՝ այն որոնելու է երկրից դուրս: Իսկ դրանից խուսափելու համար հարկավոր է նախ հաշվի առնել, որ բուհերը պետք է արձագանքեն կառավարության այս քայլերին և աստիճանաբար պակասեցնեն ստոմատոլոգների պատրաստումը՝ աշխատաշուկայի նոր միտումներին համապատասխան: Բժիշկ-ստոմատոլոգների որոշ մասն էլ կհասկանա, որ ուզի թե չուզի պետք է վերապատրաստվի, այլ մասնագիտացում ձեռք բերի, քանի որ ուշ թե շուտ մրցակցությունից դուրս է մնալու և դառնալու է գործազուրկ: Բայց այս նշածներիս համար ժամանակ է հարկավոր, իսկ երբ կառավաւրությունը կտրուկ քայլերի է գնում, տուժողների քայլերն էլ են լինում համարժեք կտրուկ՝ արագ հավաքել ճամպրուկներն ու բռնել գաղթի ճամփան, քանի դեռ տան վերջին կոպեկը չի սպառվել: 
Իսկ իշխանավորների նման մոտեցումը հաստատ միայն ստոմատոլոգներին չի վերաբերում: Սա վաղուց արդեն դարձել է քրոնիկ հիվանդություն, որը շուտափույթ բուժել է պետք, քանի դեռ իրենք շուտափույթ չեն դատարկել մեր երկիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել