Համաձայն «168 Ժամ»-ի, Ադրբեջանում ՌԴ դեսպան Դորոխինը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելու են զենքի մատակարարման նոր պայմանագրեր։ Ընդ որում, դեսպանը չի բացառել, որ դա կարող է տեղի ունենալ սեպտեմբերին ծրագրված Պուտինի այցի շրջանակներում։

Ինքնին՝ անսպասելի չէ։ Այնպես էլ չէ, որ սա ինչ-որ վերջնական որոշում է։ Չի բացառվում, որ դեսպանը նման բան ասած էլ չլինի, կամ էլ կոնտեքստից պոկած լինեն։ Բայց այն, որ տեսականորեն Ռուսաստանը կարող է նոր պայմանագիր կնքել էլ՝ չի բացառվում։ Այդ պարագայում, հարցը ոչ թե Ռուսատանի բարոյականությունը քննարկելը չէ, այլ նման քայլի կրկնությանը հակազդելն է ու ադեկվատ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելը։

Եվ այսպես, ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ նման սցենարային զարգացման պարագայում։ Ըստ իս՝ շատ բան։ Ընդ որում՝ դեսպանատան վրա ձվեր շպրտելը ամենաքիչ ու ամենակոնտրպրոդուկտիվ բանն է, որ կարելի է անել։ Ռուսական պետական ապարատը ու կորպորատիվ շահը թքած ունեն ձվերի վրա։ Նման ակցիաները հուզում են միայն շարքային ռուսաստանցուն ու Կիսելյովին, ով էլ հրամցնում է դա իր լսարանին՝ արդեն մեզ ոչ շահեկան շեշտադրումներով։ Ուստի, պետք է ցավացնել ոչ թե շարքային ռուսաստանցուն, ով որոշումների կայացման վրա չի ազդում, այլ այն օղակներին, որոնք ազդում են։

Դիցուք՝ նման գործարք է նախանշվում Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև։ Ի՞նչն է խանգարում նման զարգացումներևի դեպքում «на ковер» կանչել Հայաստանում գործունեություն ծավալող ռուսական խոշոր կապիտալին ու բացատրել, որ քանի որ միջպետական ու ՀԱՊԿ շրջանակներում կնքված համաձայնությունները չեն պահպանվում ՌԴ կողմից, ապա Հայաստանն էլ ազատ է համարում իրեն՝ չպահպանելու այլ համաձայնություններ։ Օրինակ՝ «Գազպրոմ Արմենիայի» գործունեության չմիջամտելու ու ըստ էության, նրան անձեռնմխելի դարձնող օրենսդրական պայմաններ ստեղծելու հարցում։ Ասենք մի հատ թեթև աուդիտը այնպիսի խախտումներ կբացահայտի այդ ընկերությունում, որ դա լրիվ հիմք կլինի բազմամիլիարդանոց տուգանքների, էլ չասեմ ընկերության պետականացման մասին։

Այլ հարց է, որ դրա համար պետք է ունենալ պլոճիկ՝ քաղաքական կամք։ Այ ողջ հարցն էլ դրանում, թե որքանով են մերոնք պատրաստ այդ քաղաքական կամքը դրսևորելուն։ Պարտադիր չէ թույլ տալ, որ իրավիճակը հասնի նման ռադիկալ լուծումների փուլ, բայց առնվազն կարելի է հասկացնել տալ ռուսական կողմի, որ եթե շարունակեն ոտնահարել դաշնակցային պարտավորությունները, դրանք ամենևին էլ բացառված չեն լինի։ Վստահ եմ, որ նման իրավիճակում նման կեցվածքի պարագայում՝ իշխանությունները կստանան ժողովրդի համապարփակ սատարումը։ Ի վերջո, մարդիկ առանց գազ ապրել սովորել էին, իսկ այ առանց թասիբ ապրելը անտանելի է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել