ՀՀ-ում խնդիրները բազմաթիվ են ու բազմաշերտ: Ու այդ խնդիրների շարքում առավել առանցքայիններից են կրթության ոլորտի խնդիրները:

«Կրթական ոլորտի բոլոր մակարդակներում առաջնահերթություններն են կրթության որակի և արդյունավետության բարձրացումը, դրանց համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, մատչելիության և հասանելիության ապահովումը բնակչության բոլոր խավերի համար: Հստակ է, որ վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը: Պետք է ստեղծել ժամանակակից ուղղվածությամբ, մատչելի, մրցունակ, միևնույն ժամանակ հայեցի և հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր, վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը»,- այս մասին կառավարության նախորդ նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Մենք շեղվել ենք խորհրդային շրջանի կրթական մեթոդներից ու համակարգից, որը բավականաչափ արդյունավետ էր, սակայն դեռ չենք հայտնաբերել կամ մշակել նոր համակարգ, որը կարողանար արժանիորեն փոխարինել նախորդին: Տարիների ընթացքում բարձրացել է ուսում ստանալու համար վճարվող վարձի չափը, բայց արդյո՞ք ուսումը դարձել է ավելի որակյալ, իսկ աշխատանք գտնելը՝ ավելի դյուրին:

Կամ փոփոխությունների այդ մեծ շարքը ինչո՞վ է նպաստել կրթության ավելի հայեցի դառնալուն: Կա՞ արդյոք մշակված հստակ քաղաքականություն, որը ուղենիշեր է սահմանելու կրթական գործունեություն իրականացնող հաստատությունների համար՝ այն ավելի հայեցի դարձնելու համար: Ավելին, ի՞նչ ասել է հայեցի: պետք է նախ դա հստակեցնել:

Ավելացնեմ մի շատ առնցքային խնդիր ևս՝ հրավիրելով վարչապետի ուշադրությունը նաև դրա վրա: Հայաստանյան ԲՈւՀ-երի մեծ մասում մագիստրոսական կրթությունը գրեթե նույնությամբ կրկնում է բակալավրիատի կրթությունը: Նույնքան լայն շրջանակներ է ընդգրկում, հիմնականում նույն առարկաներն է ուսումնասիրում, ծանոթացնում է ուսանղներին միևնույն թեզերի հետ: Բայց մեզ հարկավոր է ավելի նեղ մասնագիտացում: Այլապես մագիստրատուրան կորցնում է իր իմաստը, դառնալով ոմանց համար նոր ծախսերի, այլոց համար էլ նոր եկամուտների աղբյուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել