Ապրիլյան մարտերը հստակորեն ցույց տվեցին բազմաթիվ խնդիրներ, որոնցից առանցքայինն, ըստ իս, տեխնոլոգիական հագեցվածության ու առաջընթացի հիմնահարցն է։ Հարցը շատերը պրոֆանացրեցին՝ բերելով «80-ականների զենքերով ենք կռվում» դեմագոգիայի մակարդակի, բայց խնդիրը շատ ավելի խորն է ու բարդ, քան տվյալ զինատեսակի արտադրման տարեթիվը։

Ժամանակակից գրեթե բոլոր զինատեսակներն էլ՝ իրենց մեծամասնությամբ, հանդիսանում են 70-80-ականների նախագծեր, որոնք հագեցնում են ժամանակակից տեխնոլոգիաներով և դարձնում 2010-ականների համար արդի նմուշներ։ Այլ կերպ ասած, հրանոթենրը կրակում են արկեր ու այդ արկերը կարկում են փողերով, որոնք տասնամյակներ առաջ են ստեղծվել։ Այլ հարց է, թե այդ հրանոթի կրակի կառավարման, արկերի ավելի արդյունավետ խոցման, հակառակորդի տեղակայման վայրերի բացահայտման և օպերատիվ վերահսկման համար ինչ միջոցներ են պետք։ Այ հենց այս ածանցյալ միջոցներն էլ պահանջում են տեխնոլոգիաներ, որոնք էլ զինատեսակն ու զորատեսակը դարձնում է արդիական։

Հայաստանը հարուստ երկիր չէ ու նույնիսկ իդեալական տնտեսություն ունենլու պարագայում, մենք չենք կարողանա անընդհատ արդիական զինատեսակներ գնել։ Նախ թանկ է, երկրորդը, արդիական ու նորագույն տեխնիկան վաղ թե ուշ հնանում ու դառնում է ոչ այդքան նոր ու ոչ այդքան արդիական։ Ուստի մենք դատապարտված ենք ինքներս զարգացնելու մեր տեխնոլոգիան ու գիտական ոլորտը, իսկ դա մենք կարող ենք, եթե լինի համապատասխան կամք, պրոֆեսիոնալիզմ և բավարար ռեսուրսներ։

Ու հենց այս կոնտեքստում առանձնակի նշանակություն եմ տալիս Ռուբեն Վարդանյանի նոր նախաձեռնությանը։ Վարդանյանի IDeA հիմնադրամը ավարտին է հասցնում Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) գործարկման հարցերը, որը կարող է լուծում տալ մի շարք կենսական նշանակության հարցերի։ Այս առումով հեծանիվ չենք հայտնագործում ու գնում ենք համաշխարհային փորձի ճանապարհով․ շեշտը դնում ենք ռազմական տեխնոլոգիաների ու ռազմական արդյունաբերության վրա՝ քաջ գիտակցելով, որ դրանք լայն կիրառություն են գտնելու նաև ոչ ռազմական ոլորտներում ու բերելու ընդհանուր զարգացման։

Նախագիծն, ինչ խոսք, հավակնոտ է ու ֆանտաստիկ է թվում իր որոշ ասպեկտներում, բայց ոգևորող է այն, որ երևում է, որ լավ հաշվարկված է ու մտածված։ Դրա կյանքի կոչվելու համար պետք է, որպեսզի հասարակության բոլոր դերակատար սեկտորները թիմային խաղան․ պետությունն՝ իր մասով, գիտական ոլորտն՝ իր մասով, բիզնես ոլորտն՝ իր մասով։ Թերևս հենց սա է ամենամեծ մարտահրավերը, որ այդ օղակների մեջ հաստատվի լուրջ ու գիտակցված համագործակցություն, այլ ոչ թե անիմաստ մրցակցություն, վնասարարություն ու գերշահույթի մոլուցք։

Հաշվի առնելով, որ ծրագրի մեկնարկը տրվելու է 10 միլիոն դոլարով ու պլանավորվում է հիմնադրամի կապիտալը 3 տարում հասցնել մինչև 200 միլիոն դրամի՝ լուրջ շանսեր կա, որ արդեն առաջիկա 5-7 տարիներին հեղափոխական արդյունքերի կհասնենք։ Բայց դրա համար պետք է․

- Սերտ համագործակցություն նշված սեկտորների մեջ
- Հետևողականություն
- Ներդրումներ

Եթե լինի այս ամենը, արդյունքում կստանանք․

- Հավերժական շարժիչներ և ուլտրա կոպալներ ստեղծող շառլատանների փոխարեն՝ էֆեկտիվ, կիրառական ու հեռանկարային տեխնոլոգիաներ կերտող մասնագետներ ու կազմակերպություններ, որոնք կապահովեն ինչպես մեր ռազմական ոլորտի պահանջարկը՝ առաջարկով, այնպես էլ կտան միջազգային շուկա մտնելու հնարավորություն։

- Հենց տեխնոլոգիա ու տեխնիկա, որը հնարավոր կլինի կիրառել մեր ռազմական ու քաղաքացիական ոլորտներում, որոնց շնորհիվ մեր «80-ականների» զենքերը ձեռք կբերեն 2010-ականների համահունչ պարամետրեր։

- Հնարավորություն կտա, որպեսզի Հայաստանի արտահանման մեջ ագրարային, ալկոհոլային ու ծխախոտային պրոդուկցիայի գերակշռությունն անցնի ՏՏ ու բարձր տեխնոլոգիական ոլորտներին, ինչը շատ ավելի եկամտաբեր է, քան օրինակ՝ ծիրան արտահանելը։

  • Որակապես նոր գիտա-տեխնոլոգիական միջավայր՝ հենց երկրի ներսում, ինչպես նաև որակապես նոր հարաբերություններ հասարակության տարբեր սեկտորների միջև, որի առողջության դեպքում առողջանում է նաև պետությունն ու տնտեսությունը:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել