Երեկ հայտնի դարձավ, որ մեր հայրենակից Արթուր Ջանիբեկյանը երկրորդ անգամ արժանացել է «Ռուսաստանի մեդիա-մենեջեր» մրցանակին՝ փաստացի ճանաչվելով Ռուսաստանի լավագույն մեդիա-կառավարիչ։ Ջանիբեկյանի հերթական ձեռքբերումը ոչ միայն տպավորիչ է, այլ ուսուցողական։ Ուսուցողական՝ տարբեր առումներով, որովհետև տարբեր տեսակի մարդիկ տարբեր դասեր կարող են քաղել նրա օրինակից։

Ինձ դուր է գալիս Ջանիբեկյանի կենսագրությունը, առավել ևս, որ թեկուզ կողմնակի դիտորդի կարգավիճակում, բայց այդ իրադարձությունների ժամանակաիցն եմ ու այսպես ասած՝ դրա արգասիքների սպառողը։ Ես մեկն էի այն շատերից, որ հեռավոր 90-ականներին լիաթոք ծիծաղում էր «Նոր հայեր» ՈւՀԱ-ի թիմի ելույթների ժամանակ և ՈւՀԱ-ի գերագույն լիգայի խաղերին հետևում՝ ասես ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ «Նոր հայեր» թիմի համահիմնադիրներից մեկն էլ Ջանիբեկյանն էր։

Ես մեկն էի այն շատերից, ով հաճելիորեն տպավորված էր Comedy Club նախագծից ու հպարտությամբ նշում էր, որ «մեր հայերը տեսնո՞ւմ եք ինչ են անում», իսկ նախագծի հիմնադիրը կրկին Ջանիբեկյանն էր։

Ես մեկն էի այն շատերից, ովքեր ռուսների ու հետխորհրդային տարածքի այլ ժողովրդների ներկայացուցիչների սիրում են պարծենալ, որ իրենց սիրած գրեթե բոլոր հաջողված հումորային նախագծերն ու սերիալները, որոնք լույս են տեսել ռուսական հեռուստատեսությամբ «Մեր Արթուր Ջանիբեկյանն է» հիմնել ու զարգացրել։

Սակայն սխալ է Ջանիբեկյանին դիտարկել զուտ հումորի ու հումորի ինդուստրիայի համատեքստում։ Ջանիբեկյանի պարագայում ինձ առավել շատ դուր է գալիս նրա վերաբերմունքը իր երկրին ու իր բիզնեսին։ Հարուստ հայրենակիցներ մենք քիչ չունենք։ Քիչ չեն նաև նրանք, ովքեր հարուստ հայ լինելով՝ այս կամ այն չափով փորձում են օգտակար լինել Հայաստանին, բայց Ջանիբեկյանի պարագայում չես էլ կարողանում դիտարկել նրան՝ որպես «դրսի հայ», որովհետև նա անընդհատ փորձում է գործուն մասնակցություն ունենալ մեր ազգային հարցերին՝ լինի դա մշակութային պահպանության ու վերածննդի խնդիրներ, կրթության ու գիտության ոլորտում ռազմավարական նախագծերի հիմնում, թե անհատական բարեգործություն։

Չեմ հասկանում թե ինչպես, բայց Ջանիբեկյանին հաջողվում է լավ հայ ու հայաստանցի մնալով՝ հսկայական քայլերով առաջանալ ռուսական շուկայում։ Հիմա Ջանիբեկյանը Ռուսաստանի ամենախոշոր ժամանցային ենթահոլդինգի ղեկավարն է, որի մեջ մտնում են «Газпром-Медиа Холдинг»-ի 5 եթերային հեռուսաալիքներից 4-ը՝ ТНТ, ТВ-3, «Пятница!» ու «2х2»։ Ու երկրորդ անգամ Ջանիբեկյանն արժանացել է «Ռուսաստանի մեդիա-մենեջեր» հենց այս մեդիա-գիգանտի ստեղծման ու արդյունավետ կառավարման համար, ինչը, հավատացած եղե՛ք, առավել քան լուրջ ձեռքբերում է, որը նաև նոր հնարավորությունների ու հեռանկարների մասին է հուշում։

Կարծում եմ, որ սա Արթուր Ջանիբեկյանի վերջին հաջողությունը չէ ու հետագայում նոր առիթներ կունենանք, որպեսզի այստեղ կամ այնտեղ գրենք, կամ էլ ասենք՝ «Մեր Արթուր Ջանիբեկյանն ա, է՜»․․․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել