Ներկայումս ներքաղաքական զարգացումները պասիվ փուլ են մտել, սակայն աշնանը ակտիվացում է սպասվում: Միևնույն ժամանակ, մոտենում են 2017թ-ի խորհրդարանական ընտրությունները, իսկ ընտրություններին նախապատրաստվելու և քաղաքացիների համակրանքին արժանանալու համար գնալով ավելի քիչ ժամանակ է մնում, հատկապես այն պարագայում, երբ քաղաքական դաշտում կան մի շարք նորաստեղծ ուժեր, որոնք գործունեությանը հասարակությունը ծանոթ չէ, և նրանք քաղաքական պոտենցիալ հավաքելու կարիք ունեն:

Նշենք նաև, որ 2017թ-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ճանապարհին ՀՀ քաղաքական ուժերին լուրջ մարտահրավեր է սպասվում ՏԻՄ ընտրությունների տեսքով: Աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները հանգրվանային են լինելու և հնարավորություն կտան քաղաքական ուժերին փորձել իրենց հնարավորությունը լոկալ մակարդակով, վեր հանել այն բոլոր խնդիրները և պրոբլեմները, որոնց նրանք կարող են հանդիպել իրենց հաղթանակի ճանապարհին, վերլուծել թերությունները:

ՏԻՄ ընտրություններն այս անգամ հատկապես կարևորվում են նաև նրանով, որ թեկնածուներն ընտրարշավին մասնակցելու են կուսակցական ցուցակներով. դրան գումարած՝ պայքարը ծավալվելու է հանրապետության երկու խոշոր քաղաքներում: Թերևս սա է պատճառը, որ արդեն իսկ մի շարք համայնքներում ուրվագծվում է թեժ պայքարի հետագիծը: Իսկ այն ուժերը, որոնք չեն մասնակցի ՏԻՄ ընտրություներին, կկորցնեն ընտրություններից առաջ ստուգողական քննություն հանձնելու, սեփական ուժերը փորձելու հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել