Երեկ «Իսլամական պետության» (ԻՊ) համացանցային ռեսուրսներում մի տեսահոլովակ տարածվեց, որը պատմում է, թե ինչպես է կառուցված ԻՊ-ը, ինչպիսի վիլայեթներ ու կառույցներ են մտնում նրա կազմում:

Տեսահոլովակը բավական հետաքրքիր տեղեկություններ է տալիս կառույցի, հատկապես ԻՊ-ի մաս կազմող վիլայեթների մասին, որոնք թվով 35-ն են (վիլայեթները ԻՊ-ի «վարչատարածքային» միավորներն են): Դրանցից 19-ը գտնվում են Իրաքում և Սիրիայում, իսկ 16-ը՝ աշխարհի մուսուլմանաբնակ այլ հատվածներում:

Ամեն տարածք չի կարող հայտարարվել ԻՊ-ի վիլայեթ: ԻՊ-ի կողմից վիլայեթի կարգավիճակ է տրվում հատկապես այն հատվածներին, որտեղ գործող իսլամականներն ու ծայրահեղական խմբավորումները աչքի են ընկնում ջիհադական պայքարի ակտիվությամբ, և ԻՊ-ի ղեկավար շրջանակը որոշակի պոտենցիալ է տեսնում այդ իսլամականների մոտ: Հիշյալի համատեքստում վերջերս ԶԼՄ-ներում բավական հետաքրքիր տեղեկություններ եղան ԻՊ-ի վիլայեթների հետ կապված: Մասնավորապես այդ տեղեկություններում նշվում էին առավել դաժան վարքագծով աչքի ընկած ԻՊ-ի վիլայեթները: Այդ առումով առաջնագծում էր Աֆրիկա մայրցամաքում գտնվող Արևմտա-աֆրիկյան վիլայեթը (նախկին «Բոկո Հարամ» իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումը, որի ջիհադական պայքարի արեալն ընդգրկում է մի քանի աֆրիկյան երկրների՝ Նիգերի, Չադի, Նիգերիայի և Կամերունի որոշ տարածքներ):

Ինչպես գիտենք, 2015 թ. հունիսին ԻՊ-ը վիլայեթ հռչակեց նաև Կովկասում, որը մտնում է վերոհիշյալ 35 վիլայեթների մեջ: Կովկասի վիլայեթի հռչակումից հետո ակտիվացել են հարձակումները հատկապես Ռուսաստանի հարավային (Դաղստան, Չեչնիա) շրջաններում: Կովկասցի իսլամականների ուշադրության կենտրոնում են նաև Ադրբեջանն ու Վրաստանը: Այնպես որ ԻՊ-ը ունի ներկայություն նաև Կովկասում՝ սա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել