Այն պահից, երբ ստեղծվեց ինտերնետը ու զարգացան սոցիալական ցանցերը, Սվետլակովի հայտնի հերոսի իրական մարմնավորումները ստացան այն բաղձալի բանը, որի մասին այդքան երզում էին՝ իրենց հեղինակավոր կարծիքը բարձրաձայնելու ու լսվելու հնարավորություն։ Մտածել, որ քոմմենթչիները լուսնից են եկել, կամ էլ նոր են առաջացել՝ պարզապես ծիծաղելի կլինի։ Չէ՛, իրենք այն մարդիկ էին, ովքեր ժամանակին հեռուստացույցի հետ էին բուռն վիճում, դրանից առաջ՝ ռադիոյի, դրանից առաջ՝ թերթերի և այսպես շարունակ։ Իսկ նրանց պոլեմիկայի մակարդակը դա նույն խոհանոցային-բեսեդկային խոսակցությունների մակարդակն է։

Ուստի ի՞նչ։ Ուստի մեկնաբանությունների դաշտում միշտ էլ կարող են լինել ապուշներ ու նրանց երկնած ապուշություններ։ Ուստի այդ ապուշությունները երբեմն կարող են լինել վիրավորական, կամ էլ սուտ։ Ուստի համացանցում նեգատիվը միշտ էլ ավելի մեծպահանջարկ է վայելելու, քան պոզիտիվը։ Որովհետև այդպիսին է այս միջավայրը և այդպիսին է մարդկային հոգեբանությունը։ Ու այսքանով հանդերձ, դա նորմալ է։ Նորմալ է այնքանով, որ բնականոն է ու ինչպես նշեցի՝ մարդկային հոգեբանության ու պահանջմունքների հետևանք է։ Լա՞վ է դա, թե՞ վատ։ Դժվարանում եմ ասել, որովհետև, այդուհանդերձ, համացանցը միայն դա չէ ու միայն Սվետլակովի հերոսները չեն այստեղ բնակվում և այստեղից օգտվում։ Կարծում եմ, որ պետք է հասկանալ սա ու չդառնալ հակա-քոմմենթչի։ Որովհետև դա էլ այլ ծայրահեղություն է։

Ծայրահեղություն են նաև այն հայտնիները, ովքեր ամեն գնով ուզում են հակադրվել սրան ու նույնիսկ փոխել սա։ Կա կատեգորիա, որին ես անվանում եմ «լատենտ-բռնապետ»։ Իրենք եթե ճար ունենային, ապա կարգելեին, կզրկեին, կփակեին, կգնդակահարեին․․․ բայց մենակ քննադատող քոմմենթչիներին։ Այ հենց դա էլ ծայրահեղություն է, որովհետև մեր շատ հանրային դեմքեր չեն հասկանում, որ որքան աննորմալ է բանական մարդու կողմից ընկալվում, երբ ինչ-որ մեկը, ում դուք չկայացած, պարապ, նախանձ ու այլ վիրավորական էպիտետներով եք որակում, մեկնաբանություններում արծիվ է դառնում ու չափերն անցնում է, կամ էլ չանցնելով՝ վատ բաներ է գրում հայտնի մարդու հասցեին, նույնքան էլ տարօրինակ է դիտվում, երբ նույն կոնտինգենտի այլ ներկայացուցիչներ ախեր ու օխեր են անում, և հիացմունքից լոզեր թափում այս կամ այն հայտնիի հասցեին։

Իրականում թեթև է պետք տանել։ Խոսքն իհարկե բոլոր դրվագների մասին չէ։ Երբեմն կարելի է և պետք է պատասխանատվության կոչել քոմմենթչիներին՝ օրենքով նախատեսված կարգով ու սահմաններում, բայց հրապարակային դեմքը, թե հայտնին, թե աստղը․․․ կոչեք՝ ինչպես կուզեք, պետք է ավելի բարձր լինի այդ մակարդակից․ նա չպետք է չանա-չանա կռիվ տա հավաքական Սվետլակովի դեմ, որովհետև այդ կռվում նա ապրիորի պարտված է։

Ի վերջո, սիրում եք այդքան արտասահմանյան շոու բիզնեսի ու դրա դեմքերի մասին խոսել։ Քանի՞ անգամ եք տեսել, որ Լեդի Գագան բռնի ու հեռուստաեթերով, բառիս բուն իմաստով, խուրդվի քոմմենթչիների հետ։ Քանի՞ անգամ եք լսել, որ Բեյոնսեն ու Ջեյ Զին իրենց հասցեին գրված վիրավորական մեկնաբանությունից հայոց հարց դարձնեն։ Իսկ Քրադաշյա՞նը։ Քարդաշյանն առհասարակ անում է ամենը, որ Սվետլակովները իրեն հոշոտեն։ Որովհետև հասկանում է, որ դա էպատաժ է ու իրականում չկա լավ կամ վատ փիառ, կա պարզապես՝ փիառ։ Եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դուք չեք կարող լինել հայտնի։ Եթե Ձեզ թվում է, որ ուրիշ տեղ այդպես չէ, ապա սխալվում եք ու սխալվում եք, եթե մտածում եք, որ մի օր մեր մոտ է այլ ձև լինելու։

Հարմարվեք այս իրականությանը, որտեղ Սվետլակովի կերպարը կա, ու որտեղ նա բացի հեռուստացույցից, նաև ստեղնաշար ունի։ Ու նա միշտ հաղթելու է Ձեզ, եթե առճակատվեք իր հետ, քանի որ դուք մի հոգի եք, իսկ ինքը՝ հազարներ։ Մի՛ հաղթեք Սվետլակով-քոմմենթչիներին, այլ սովորեք օգտվել նրանց հենց այդ առավելությունից, որ նրանք շատ են։ Չէ՞ որ դուք հայտնի եք, դուք հանրային եք, դուք ունեք մասսայականություն ստեղծելու ու պահպանելու խնդիր։ Բա էլ ի՞նչ է Ձեզ պետք, եթե ոչ Սվետլակով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել