Կարո՞ղ է արդյոք մարդու սեփական ազատ կամքով ինքն իր համար ստեղծած խոչընդոտը համարվել «անհաղթահարելի»։ Նույնը չէ՞, որ 16-րդ հարկից գցվի ներքև, գլուխը ջարդի, ու դրա պատճառով ընտրություններ հետաձգվեն։ Է չգցվեի՜ր։
***

Նախագահական ընտրությունները դարձյալ կանգնած են հետաձգվելու «վտանգի» առաջ: Այս անգամ մեկ այլ թեկնածուի համար կարող են անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալ, և նա ստիպված կլինի դիմել Սահմանադրական դատարան ու խնդրել հետաձգել ընտրությունները երկու շաբաթով կամ 40 օրով: Հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նախօրեին անցել է բժշկական հետազոտություն: Շուտով կլինեն դրա արդյունքները: Թեկնածուի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ չբացառեց, որ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը կարող է անհաղթահարելի խոչընդոտ դառնալ. «Անդրիասն իրեն նորմալ է զգում, բայց սա նրա հացադուլի 16-րդ օրն է, իսկ հացադուլի 14-րդ օրվանից սկսած մարդու օրգանիզմում տոքսիններ են առաջանում, որոնցից մարդը սկսում է հյուծվել»: Շտաբի համակարգողը նաև նշեց, որ Անդրիաս Ղուկասյանը, սակայն, միտք չունի հետաձգել ընտրությունները:

Չնայած Արմեն Գրիգորյանն ասում է, որ թեկնածուն նման մտադրություն չունի, սակայն, հիշեցնենք, որ մի քանի օր առաջ նույն Անդրիաս Ղուկասյանը բաց նամակ էր գրել մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանին, ում վրա մահափորձ էր իրականացվել, և նրան կոչ էր արել դիմել ՍԴ` նոր ընտրություններ կազմակերպելու խնդրանքով:

Ինչպես արդեն հայտնել ենք, Պարույր Հայրիկյանը նախ բացառում էր նոր ընտրություններ կազմակերպելու սցենարը, իսկ այսօր էլ հայտարարեց, որ չի օգտվելու անգամ երկու շաբաթով հետաձգելու հնարավորությունից:

ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։
Աղբյուրը այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել