ՄԻԱԿ քարտուղար

Երբ փորձում էի հասկանալ, թե ինչ երևույթի կամ ում հետ կարելի է համադրել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցում Ադրբեջանի իշխանությունների պահվածքը, մի առարկայական համեմատություն մտաբերեցի: Երևի շատերս մեր բակերում տեսել ենք ինքնահաստատվող մի տեսակի ներկայացուցչի, ով միշտ խոսում է բարձր տոներով և աչքի է ընկնում ագրեսիվ ու իրավիճակին ոչ ադեկվատ պահվածքով, բայց երբ հանդիպում է որևէ մեկին, ով համոզիչ կերպով ոչնչացնում է իրեն, այդ «սուտի դեմքը» հետ է քաշվում ու սկսում անելանելի վիճակից ելքեր փնտրել: Հենց այս համատեքստում պետք է ընդունել երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Ազիմովի հայտարարության առավել ուշագրավ մասը. «Ադրբեջանական կողմը չի թույլատրի ապօրինի թռիչքներ կատարել իր օդային տարածքով: Մյուս կողմից, Աբրբեջանն, իհարկե, չի պատրաստվում կործանել քաղաքացիական օդանավերը»: Ադրբեջանի պաշտոնյայի այս հայտարարությունը, որի առաջին մասը դեմքը փրկելու թույլ փորձ է, իսկ երկրորդ մասը` անկեղծ խոստովանություն, իրականում համեմատության աղերս չունի նրանց՝ այդ թեմայով արված տասնյակ այլ հայտարարությունների հետ: Դժվար է ասել, թե հետագայում ինչ դինամիկայով կփոխվեն այսօրինակ դիրքորոշումների շեշտադրումները, բայց սա ոչ այնքան մեզ, որքան մեր հարևաններին հետաքրքրող իրողությունների շարքից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել