Միջազգային ահաբեկչությանն աջակցելու Անկարայի քաղաքականությունը «բումերանգի էֆեկտով» սպառնում է նաև թուրքական պետությանը

Հատկապես վերջին 5 տարիների ընթացքում հարևան Սիրիայում իշխող վարչակարգին տապալելու նպատակով տարաբնույթ կառույցների, այդ թվում նաև՝ իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումներին աջակցելու գործելաոճի հետևանքով Թուրքիայի հարավային՝ Սիրիային սահմանամերձ շրջանները վերածվել էին և ցայժմ էլ հանդիանում են տարանցիկ գոտի՝ աշխարհի ավելի քան 90 երկրներից Սիրիա և Իրաք «ջիհադի» մեկնած իսլամական ծայրահեղականների համար: Արդյունքում, զուգահեռաբար ահաբեկչական լուրջ ցանցեր են ստեղծվել նաև հենց Թուրքիայի տարածքում, որոնք, կարծես, ակտիվանալու նշաններ են տալիս: Հնարավոր է՝ նշվածի դրսևորումներից էր նաև հունիսի 28-ին Ստամբուլի «Աթաթյուրքի» անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը և հատկապես՝ դրանում նախկին խորհրդային մի շարք երկրների քաղաքացիների մասնակցության իրողությունը:

Բացի այդ, թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, երկրի անվտանգության ծառայությունների տրամադրության տակ առկա է հավաստի տեղեկատվություն այն մասին, որ Թուրքիայի տարածքում ներկայում գտնվում են արտասահմանից ժամանած շուրջ 150 մահապարտ ահաբեկիչներ, որոնք անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի կարող են ահաբեկչական բռնարարքներ իրականացնել:
Խոսքը բավական լավ պատրաստված, մարզված զինյալների մասին է, որոնց գործողություններն ուղղորդվում են միջինասիական երկրներից մեկում տեղակայված կենտրոնից, իսկ նշված ծայրահեղականները կարող են հարձակումներ իրականացնել ցանկացած մարդաշատ վայրում՝ Թուրքիայի ամբողջ տարածքում:

Վերոնշյալը հաշվի առնելով, ինչպես նաև, դրան հավելած վերջին շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ նկատվող շրջադարձային փոփոխությունների հանգամանքը, կարելի է կանխատեսել, որ ժամանակի ընթացքում այս երկրի տարածքը վերածվելու է տարաբնույթ ահաբեկչական խմբավորումների կողմից նաև սեփական դիրքերին ուղղված հարվածներին ի պատասխան իրականացվելիք ահաբեկչական հարձակումների թատերաբեմի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել