Մեղրի-Ջուլֆա-Ուրմիա-Քերմանշահ-Համադան-Սպահան-Թեհրան-Թավրիզ-Ջուլֆա:
Հազարավոր կիլոմետրեր անցանք: Ճանապարների երկայնքով հազարավոր հեկտարներով փռված են բոստաններ, նորատունկ այգիներ, արտեր:
Բոստանները անխտիր ջրվում են անձրևացման եղանակով, այգիները ոռոգվում են կաթիլային եղանակով: Բոստաններում ու արտերում մոլախոտ չկա ի տարբերություն Հայաստանի: Այդ հսկայական մշակվող տարածքներում միայն մի քանի տեղում տեսա խիստ փոքրաթիվ աշխատող, ինչը զարմանալի է:
Ըստ երևույթին նոր ագրարային քաղաքականության հետևանքով գյուղատնտեսութունը բուռն զարգացում է ապրում: Անչափ մեծ տարածություն զբաղեցնող նորատունկ այգիներն են ասում այս մասին:
Ճանապարհները շատ լավն են: Քանդված հատվածներ չհանդիպեցինք: Միջին արագությունը 120 կմ է: Ճանապարհների երկայնքով թափված աղբ չկա: Բնակավայրերի մոտակայքում աղբի հետք անգամ չկա` ի տարբերություն Հայաստանի:
Եռուզեռ է ճանապարհներին: Հսկայական ֆուռեր, բեռնատարներ, միջին ու փոքր մեքենաներ բեռներ են տեղափոխում առաջ ու հետ:
Մեքենաները իրանական արտադրության են: Անճոռնի, մեծ, տանկանման մարդատարներ չկան:
Շենքերը գյուղերում, ավաններում, փոքր քաղաքներում անշուք են` աղյուսաշեն ու մինիմալիստական: Գյուղերում հանդիպում են նաև կավածեփ տներ:
Մեծ քաղաքներում հզոր շինարարություն է ընթանում: Դրանց շինարարական կուլտուրան իսկապես նախանձս էր շարժում:
Երթևեկությունը բոլոր քաղաքներում քաոսային է: Ոչ մի կանոն չի գործում: Եվ տրանսպորտը և մարդիկ երթևեկում են միմյանց արանքներով: Ու այս պարագայում վթարներ չտեսա: Մայթերով ազատ մոտոցիկլ են վարում ու ծիծաղում են քո խուճապի վրա:
Վարորդները հաճախակի թույտվություն են վերցնում իրենց ճանապարհը շարունակելու համար: Տպավորություն ստացա, որ մեքենաները ունեն ճամփորդական մատյաններ, որտեղ գրանցումներ են կատարվում իրենց ընթացքի մասին:
Ճանապարհային ոստիկաններ չկան, նրանք միայն հատուկ անցակետերում են: Արագաչափեր չկան, կարմիր գծեր չկան:
Թեհրանի մետրոն ընդարձակ, մաքուր, լուսավոր: Գնացքի ընթացքը այնքան փափուկ, որ չես զգում այն: Վագոնների միջև բաժանիչ պատեր չկան:
Քաղաքները կանաչի մեջ են, մեծ պարկեր, պուրակներ, փողոցների ծառուղիներ ու այս ամենը մաքուր այնպես, որ մարդիկ հանգիստ նստում էին խոտերի վրա:

Խեղջ որբ Երևանիս միակ մեծ պարկը հոշատեցին ու իրենց անճոռնի շենքերը տնկեցին: Վարչամկան շենքը շրջապատող աղբանոցը հենց վարչամկան բնութագիրն է: Օղակաձև այգու մնացորդների վրա Զախարյան Երվանդի թուլտվությամբ բարեգործ եկեղեցաշեն Դոդի Գագոն իր անճոռնի շենքն է թրքում ու չի վերջացնում:

Քաղաքներում աշխատում էինք հնարավորինս ոտքով ման գալ: Ինձ համար անսպասելի էր ամենուրեք տիրող մաքրությունը, խնամվածությունը: Ճիշտ է, խմբի անդամներից ոմանց ասելով իրենք տեսել են նաև կեղտոտ վայրեր, սակայն ինձ չհանդիպեցին դրանք:
Լեզվի չիմացությունը շատ է խանգարում: Մարդիկ գիտեն հայերի ու Հայաստանի մասին: Հետաքրքրասեր ու բարեհաճ են: Կրոնական արտաքին դրսևորման տակ ծածկված է ազատամտությունը: Ատրպատականի տարածքում, մասնավորապես Խոյում, մոլեռանդության տպավորություն ստացա: Մնացած քաղաքներում դա չկա:
Համադանում գիշերվա 12-ի մոտ թույլտվություն հարցրի մզկիթ մտնելու: Սիրով ներս հրավիրեցին: Հորդորեցին լուսանկարներ անել: Մզկիթը տոնական զարդարված էր: Քաղաքացիական հագուստով երկու անձեր քարոզ էին կարդում, ուրախ երգեր էին երգում, ժողովուրդը տեղ-տեղ ձայնակցում էր: Մզկիթը լեցուն էր հավատացյաներով` ջահել ու ահել, միայն տղամարդիկ: Կանայք մզկիթի առջև նստած էին հատուկ սարքած մեծ ծածկի տակ ու լսում էին արարողությունը բարձրախոսով: Մտնողները մի 10 րոպեից դուրս էին գալիս այլ ելքով, որտեղ նրանց քաղցրավենիք էին հյուրասիրում: Մոլեռանդության որևէ դրսևորում չտեսա:
Փողոցներում ամենուրեք տեղադրված են բարեգործության տուփեր, որտեղ մարդիկ փող էին գցում, ընդ որում, առանց ցուցադրականության: Ես հատուկ ուշադրություն էի դարձնում դրա վրա: Մեծ վստահություն ունեն մարդիկ, ինչը մեզ մոտ արմատախիլ արեցին:
Իմ տպավորությունը Իրանից. Մեծ, հզոր, թափով զարգացող, խելացի կառավարվող երկիր է: Հայասանի հուսալի գործընկեր կարող է լինել, եթե ազատվենք գյադաների կառավարումից:
Հայաստանի մուտքի մոտ մեզ հրաժեշտ է տալիս մեծ, հպարտ, դանդաղ ծփացող Իրանի դրոշը: Դիմավորում են երկու փոքր, թփրտացող դրոշակներ` Ռուսաստանի և Հայաստանի:
Ռուսատանի դրոշակը ամենևին չի վիրավորում իմ ազգային արժանապատվությունը: Այն վստահություն է ներշնչում ինձ, որ մտնում եմ մի ապահով երկիր, որտեղ Մեծ Ռուսաստանը պաշտպանում է ինձ Իրանի հնարավոր ագրեսիայից:
Ի դեպ, նայեցի Ռուսաստանի օրենքը իրենց դրոշի կիրառման կարգի մասին: Այնտեղ ոչ մի հիմնավորում չկա, թե ինչու պիտի Հայաստան-Իրան սահմանին մշտապես բարձրացված լինի ռուսական դրոշակը: Հարկավոր է դիմել Ռուսաստանին` իրենց օրենքում փոփոխություն կատարելու համար և օրնական դարձնելու ռուսական դրոշակի ներկայությունը: Դե իսկ մեզ համար, կարծում եմ բարդություն չկա մեր օրենքում համապատասխան փոփոխության համար:
Տեսարժան վայրերի, Հայկական ներկայության մասին չեմ գրում: Կարծում եմ վերը շարադրվածը առավել հետաքրքիր է:

Ջարդված, կեղտոտ, նեղլիկ ճանապարհներով, հազվադեպ ու խայտառակ զուգարաններով, անփորձանք հասանք Երևան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել