Երևանում է ամերիկացի ջազ վոկալիստ Շերոն Քլարկը: Նա հուլիսի 2-ին կերգի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, իսկ հուլիսի 3-ին  Mezzo ակումբում: Քլարկի երկու համերգները Հայաստանում իրականություն դարձնելու համար ԱՄՆ դեսպանատունը համագործակցել է Հայաստանի պետական ջազային նվագախմբի հետ:

«Շատ ուրախալի է, որ Շերոն Քլարկը Հայաստանում է, մի երկրում որը իր մշակույթով, արվեստով շատ հայտնի է և ինձ համար շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե տիկին Քլարկն այստեղից ինչ կտանի իր հետ Վաշինգթոն»,-լրագորողների հետ զրույցում նշեց ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչը:

«Շնորհակալ եմ, որ ինձ այստեղ ընդունում եք, Հայաստանից ես ինձ հետ կտանեմ կոնյակ, ծիրանի օղի, իհարկե կատակում եմ, իսկ եթե ավելի լուրջ, մինչ Հայաստան գալը ես ուսումնասիրեցի ձեր մշակույթը և շատ հետաքրքիր և զարմանալի բաներ բացահայտեցի ինձ համար: Հատկապես Հայաստանի հոգևոր կողմի հետ կապված.  ես չգիտեի, որ Հայաստանն առաջին քրիստոնեություն ընդունած երկիրն է: Երեկ ես առիթ ունեցա լինել Գեղարդում, տեսնել այդ գեղեցիկ եկեղեցին: Շատ հուզական պահ էր դա ինձ համար»,-լրագրողների հետ կիսվեց Շերոնը:

«Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ԱՄՆ-ի դեսպանատանը, Ջազի հայկական ասոցիացիային, քանի որ առանց նրանց աջակցության այս համերգը տեղի չէր ունենա: Ես շատ եմ կարևորում նման համագործակցությունը մեր նվագախմբի հետ: Իմ խորին շնորհակալությունը, բոլորիդ մաղթում եմ հաճելի և ուրախ ժամանց»,-նշեց Արմեն Հյուսնունցը:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել