ԱԺ կիսադատարկ դահլիճների, պատգամավորների՝ քննարկվող օրենքների նկատմամբ դրսևորող անտարբերության մասին բազմիցս գրել եմ, մյուս կողմից քիչ չեն դեպքերը, երբ պատգամավորները՝ մոռանալով բուն հարցի մասին, երկար ճառեր են ասում դեսուդենից: ԱԺ արտահերթ նիստերի նախավերջին օրը քննարկվում էր «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Քննարկումները ձգվեցին Կարսի զինապահեստներից մինչև ռուս-թուրքական պատերազմ:

Այսպիսով, համաձայնագրի քննարկման ժամանակ Հրանտ Բագրատյանը իր տեսակետը հայտնեց. «Ռուսները չգիտեն, որ մեր ռազմավարական դաշնակիցն են, հակասական բաներ են անում: Թույլ տվեք ձեզ հիշեցնել, որ 1915-ի ջարդերը եղել են ոչ միայն Արևմտյան Հայաստանում, այլև Արևելյան Հայաստանում՝ Կարսը, Բայազետը… 4 անգամ Կարսը գրավել ու հետ են տվել»: Մի փոքր անց կենացներն էլ ավելի քաղցրացան և Զարուհի Փոստանջյանն իր ելույթում հայտարարեց. «Չեն փոխվել ՌԴ ու Թուրքիայի եղբայրության, բարեկամության՝ 1921թ. պայմանագրի դրույթները, որոնք վերաբերում էին մեր տարածքներին: ՌԴ-ն ոչ թե օգնելու է մեզ, այլ ցանկացած պահի, ինչպես ժամանակին հանձնել է մեր տարածքները, Կարսում գտնվող մեր զինամթերքը չի օգտագործվել»:

Այս ամենն իր ելույթում փորձեց ամփոփել և Փոստանջյանին հակադարձել Վահրամ Բաղդասարյանը, ով հայտարարեց. «Ռուսներին սիրում ես, թե չես սիրում, աղջիկ ջան, ում ոնց ես սիրում, ինչ ես սիրում, ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի տեղափոխի ԱԺ: Սա պատկառելի ամբիոն է և հարգանքի կարիք ունի»:

Նախօրեի ԱԺ աշխատանքային օրն առանձնացավ նաև իր արդյունավետությամբ. սպառվեց ամբողջ օրակարգը՝ շուրջ 21 նախաձեռնություն ու պայմանագիր: Հերթական հարցի քննարկման ժամանակ, երբ հիմնական զեկուցողը հեռացավ և պառլամենտն անցավ մտքերի փոխանակման, կենտրոնական ամբիոնը գրոհեց և ելույթով հանդես եկավ Փոստանջյանը: Նախ նա խոսեց ԸՕ-ի, ՀՀ ներքաղաքական զարգացումների, առաջիկա ընտրությւոնների, ամեն ինչ մասին, բացի քննարկվող հարցից: Նիստը նախագահող Հերմինե Նաղդալյանի հորդորները, թե՝ խոսեք բացառապես քննարկվող հարցից, սակայն նրա հորդորներն ապարդյուն անցան, անգամ անջատված բարձրախոսով՝ պատգամավորը մինչև վերջ կարդաց իր ելույթ:

Արդեն ձանձրալի է խոսել այն մասին, որ ԱԺ-ն պետական ինստիտուտ է, պառլամենտական ամբիոնը պետք է հարգել: Այս մասին բոլոր հիշեցումները մնում են անպատասխան: Մի խումբ պատգամավորներ ինքնահաստատման ու սեփական PR-ի համար ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու հատուկ «маня» ունեն:

Հ.գ. Այսօր առավոտյան օրենսդիրն ավարտեց իր աշխատանքները՝ վավերացնելով հիշյալ բոլոր նախաձեռնությունները, պատգամավորները գնացին արձակուրդ: Խորհրդարանն իր աշխատանքները կվերսկսի սեպտեմբերի 12-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել