Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ձուլեն թուրքերի մեջ կամ վտարեն 1918 թ-ին ստեղծված Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին։ Հատկապես պաշտոնական Բաքվի համար մեծ գլխացավանք են թալիշները՝ իրանական ժողովուրդ, որը բնակվում է ներկայիս Ադրբեջանի հարավ-արևելքում։ Բացի նրանից, որ Բաքվի իշխանավորները միտումնավոր նվազեցնում են երկրում բնակվող թալիշների թիվը, չեն նշանակում թալիշներին բարձր պաշտոնների, այդ թվում նաև թալիշաբնակ շրջաններում, ներդրումներ չեն կատարում թալիշաբնակ շրջաններում, թալիշ երիտասարդներին ուղարկում են Արցախի և Հայաստանի հետ սահմանային առաջին գիծ և այլն, նաև միտումնավոր շատ ցածր մակարդակի վրա են պահում կրթական համակարգը թալիշաբնակ շրջաններում։ Բաքվում շատ լավ հասկանում են՝ անկիրթ զանգվածին ավելի հեշտ է կառավարել։ Բացի այդ աշխատանք չգտնելու պատճառով հենց նրանք են հիմնականում լքում Ադրբեջանը, որից և օգտվում է Իլհամ Ալիևի վարչակարգը։ Ավելի է հեշտանում ժողովրդագրական պատկերի փոփոխելու քաղաքականությունը թալիշաբնակ շրջաններում, որը շատ կարևոր է Իլհամ Ալիևի համար։ Դատարկված թալիշաբնակ գյուղերը վերաբնակեցվում են թուրք-ազերիներով։
Չզարմացա, երբ համացանցում տեսա Լերիկի շրջանի (պաշտոնական տվյալներով բնակչության 70% թալիշներ են) Վերի գյուղի գրադարանի լուսանկարը (տես լուսանկարը)։ Աթարապատ այս «շինությունը» գյուղի գրադարանն է։ Իրեն հարգող ոչ մի աշակերտ, ուսանող կամ մեծահասակ ոտք չի դնի այս գրադարան կոչվածի մեջ։ Անկիրթ և անգրագետ թալիշը ուժեղ զենք է դառնում թուրքի ձեռքում, որին շատ հեշտ է լինում համոզել, որ իր և 11-12 դդ-ում Ալթայից և Միջին Ասիայից այստեղ հայտնված թուրքի միջև տարբերություն չկա։ Զարմանալի չէ, որ ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակում ծառայող թրքասեր 20-ից ավելի թալիշ զինծառայողներ իրենց կյանքը զոհեցին Ադրբեջանի համար։ Մի երկրի, որի համար թալիշները համարվում են երկրորդ կարգի մարդիկ, որտեղ թալիշ մտավորականները համարվում են Ալիևի գլխավոր թշնամիներ, որտեղ բնակվող մոտ մեկ միլիոն թալիշների թիվը պաշտոնապես նվազեցված է 112 հազարի և այլն։
Հ.Գ.Տարեկան, կրթական ոլորտին Ադրբեջանում հատկացվում է 1 միլիարդ մանաթ։ Այս լուսանկարից կարելի է ենթադրել, որ Լերիկի շրջանին այդ գումարից չի հասնում գրեթե ոչինչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել