Exclusive

Սցենարիստ Անահիտ Մխիթարյանը, ով այժմ գրում է «Աբելի քույրը» հեռուստասերիալի սցենարը, երկրորդ անգամ մայր է դարձել։ Blognews-ի հետ զրույցում Անահիտն ասաց, որ դեռ հիվանդանոցում է, ինքն ու փոքրիկն իրենց լավ են զգում։

Անահիտը կրկին դուստր է ունեցել, ում անվանակոչել են Սառա։ «Ես և ամուսինս պայմանավորվել էինք, որ առաջին երեխայի անունն ինքն է ընտրելու, երկրորդինը՝ ես։ Նա մեր ավագ դստերը տվեց Էվա անունը, ես փոքրիկին՝ Սառա։ Թեև նա մինչև վերջ այդքան էլ համաձայն չէր ընռտրությանս հետ, օրենքն օրենք է։)»,- ասաց սցենարիստը՝ հավելելով, որ նորածին դուստրը շատ նման է ավագ քույրիկին։

Ի դեպ, քույրիկի ներկայությունը հինգուկես տարեկան Էվայի համար թեև սպասված էր, բայց նա արդեն հասցրել է խանդել փոքրիկին։) «Տարբեր փուլեր անցանք. քույրիկի գալու առթիվ սկզբում ուրախացավ, որովհետև շատ էր սպասում, հետո մի քիչ ջղայնացավ, հեոո ասաց՝ գնում եմ կորեմ, հիմա արդեն սիրում է։)»,- պատմեց մայրիկը։

Անահիտի խոսքով՝ թեև առաջին անգամ չի մայրանում, զգացողությունները նոր են։ «Զգացողություններդ նոր են, քանի որ նոր մարդու հետ ես ծանոթանում։ Հիմա ինձ մոտ ավելի շատ է էմոցիոնալ այդ ֆոնը, զգացողություններս ավելի բուռն էին, քան առաջին երեխայի ծննդի ժամանակ: Այն ժամանակ առանձնապես չէի հասկանում՝ ինչ է կատարվում, իսկ երկրորդ երեխան ավելի սպասված է ու ավելի լիարժեք ես գիտակցում պահը. ծնվում է ու ամեն ինչ խառնվում է իրար»,- ասաց Անահիտը։

Սցենարիստը նշեց, որ ստեղծագործական դադար չի ունենալու։ «Ես բավականին առաջ եմ գրել սերիաների սցենարը։ Ասեմ ավելին՝ դադարի փոխարեն ևս մի նախագիծ եմ անելու, որի մանրամասները կպատմեմ ավելի ուշ։ Կփորձեմ օրակարգս այնպես դասավորել, որ աշխատանքս չխանգարի բալիկիս խնամքին»,- ասաց Անահիտը՝ նշելով, որ խնամքի հարցում իրեն կօգնի մայրիկը։

Blognews-ը շնորհավորում է Անահիտին և անհոգ մանկություն մաղթում փոքրիկ Սառային։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել