Հունիսի 24-ին տեղացած հորդառատ անձրևը և դրա հետևանքներն իսկական աղետ էին Լոռու և Շիրակի մարզերի մի շարք բնակավայրերի և հատկապես Արթիկ քաղաքի համար: Ղարանղու գետի վարարման հետևանքով ջրալցվել են քաղաքի գլխավոր և երկրորդական փողոցներ, տներ, նրբանցքներ, ինչպես նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 27 աշխատակից: Առատ և ինտենսիվ կարկուտի հետևանքով Արթիկի միջով անցնող «Մովրովենց ձոր» և «Բմբուլենց ձոր» անվանումներով հեղեղատարերը լցվել են ջրով և խոշոր գլաքարերով:

Այժմ Արթիկում աղետի հետևանքները գտնվում են վերացման փուլում. ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք հաշվում են վնասները, իսկ քաղաքապետարանում հատուկ հաշվեհամար է բացվել` աղետից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Նախօրեին խորհրդակցություն է տեղի ունեցել նաև կառավարությունում, որի ընթացքում քննարկվել են հունիսի 24-ին տեղի ունեցած հեղեղի պատճառած վնասների նախնական ուսումնասիրության արդյունքները: Վարչապետին զեկուցվել է, որ վերականգնողական ակտիվ աշխատանքներ են իրականացվում, վերացվում են հեղեղի հետևանքները: Վարչապետը հանձնարարել է սկսել վնասներ կրած արթիկցիների փոխհատուցման գործընթացը:

Քննարկումների արդյունքում որոշվել է աշխատանքներն իրականացնել երկու փուլով. առաջին փուլում գումարներ են հատկացվելու հրատապ լուծում պահանջող խնդիրների վերացման համար, այդ թվում՝ քաղաքացիների կրած վնասների փոխհատուցման, ինչպես նաև բնակելի տներին հարակից հեղեղատարի վնասված հատվածների վերանորոգման համար, իսկ երկրորդ փուլում նախատեսվում է հեղեղատարի ամբողջական ուսումնասիրություն և համապատասխան աշխատանքների իրականացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել