Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է նախագահ Ռեջեփ Էրդողանին, որը հայտարարել է, թե Իսրայելը կատարել է Թուրքիայի ներկայացրած երեք նախապայմանները:

«Ես ասել եմ, որ անհրաժեշտ է փոխել արտաքին քաղաքականությունը: Ես ասել եմ, որ այս արտաքին քաղաքականությունը չի կարող օգտակար լինել Թուրքիայի համար: Սկսել էին արտաքին քաղաքականություն վարել սեփական շահերի համար:

Գանք Իսրայելի հետ համաձայնագրին: Մի փոքր պատմական ակնարկ կատարենք: 2010 թվականի մայիսի 31. «Մավի Մարմարա» նավը լքում է Թուրքիայի տարածքային ջրերը: Ասում են, թե գնում ենք Կիպրոս: Հետո պարզվում է, որ 10 զոհ ենք ունեցել, և որ դեպքը գրանցվել է ոչ թե Իսրայելի, այլ՝ միջազգային ջրերում: Հետո Էրդողանն ասում էր, որ հումանիտար օգնություն է ուղարկելու Գազայի հատված, և որ նավերին ուղեկցելու են թուրքական ռազմանավերը: Ուղարկե՞ց: Չուղարկեց:

2013 թվականին Էրդողանն ասում էր, որ գնալու եմ Գազայի հատված, ասում էր՝ ապրիլին կգնամ, հետո ասաց՝ մայիսին: Վերստին չեղավ: Արդյունքում չկարողացավ գնալ Գազա:

Կառավարությունը 3 նախապայման ներկայացրեց: Նեթանյահուն Օբամայի միջնորդությամբ հեռախոսազրույցի ժամանակ ներողություն խնդրեց: Մինչդեռ ինքը (Էրդողան) Պուտինին նամակ է գրում:

Երկրորդ նախապայմանը փոխհատուցումն է: Ասում են, թե Իսրայելը վճարելու է 20 միլիոն դոլարի փոխհատուցում, սակայն չեն ասում, որ Իսրայելը պահանջել է հրաժարվել իսրայելցի զինվորականների դեմ դատական հայցերից:

Երրորդը Գազայի հատվածի շրջափակման վերացումն է, ուր ապրում է 1.9 միլիոն մարդ: Էրդողանը 2016 թվականի հունվարի 3-ին հայտարարել էր, որ շրջափակման հարցում ունենք Իսրայելի կարիքը:

Ինչպե՞ս կարող է հսկա Թուրքիայի Հանրապետությունն ունենալ Իսրայելի կարիքը: Չէ՞ որ մենք, այսպես ասած, Մերձավոր Արևելքի առաջնորդն ենք»,- ներկայացրել է Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել