Մի քանի իսլամական ծայրահեղ արմատական կառույցներ («Ջաբհաթ ալ-Նուսրա», «Թուրքիստանի իսլամական կուսակցություն», «Ահրար աշ-Շամ» և այլն) հայտարարություններ են տարածել, որ ռազմական գործողություններ են սկսում Սիրիայի Լաթակիա նահանգում՝ կառավարական ուժերից ազատագրելու Ջաբալ Աքրադ տեղանքը: Հատկանշական է, որ ընդդիմադիրների կողմից հիշյալ հայտարարությունները սոցցանցերում տարածվեցին անմիջապես Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում դրական տեղաշարժերի մասին հայտնված տեղեկություններից հետո:

Ջաբալ Աքրադը լեռնային շրջան է Սիրիայի հյուսիսում՝ Լաթակիայի հյուսիս-արևելքում, որը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1000 մետր բարձության վրա: Այն մոտ է գտնվում միջերկրական ծովափին, անմիջապես սահմանակից է Թուրքիային և սիրիական մեծամասամբ ընդդիմադիրների կողմից վերահսկվող Իդլիբ նահանգին: Այս առումով դժվար չէ կռահել, թե ռազմավարական կարևոր դիրք ունեցող Ջաբալ Աքրադի նկատմամբ ինչպիսի նկրտումներ ունեն թուրքական իշխանությունները, առավել ևս, որ այն գտնվում է ալաուիական վարչակարգի բնօրրան համարվող Լաթակիայում:

Պատահական չէ նաև, որ Ջաբալ Աքրադի ազատագրման ռազմգործողությունների սկսման մասին հայտարարում են սիրիական ընդդիմադիր ճամբարի այնպիսի ուժեր, որոնք մշտապես գտնվել են պաշտոնական Անկարայի ուշադրության կենտրոնում՝ ստանալով ֆինանսական և ռազմական աջակցություն: Այստեղ տեղին է հիշել, որ թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական ինքնաթիռը վայր ընկավ Լաթակիայի հիմնականում թուրքոմաններով բնակեցված հենց այդ հատվածում, որտեղ Անկարան փորձում է ուժեղացնել թյուքական ծագումով բնակչության և հիմնականում թյուրքերով համալրված ընդդիմադիր ուժերի դիրքերը:

Ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո ինտենսիվ ռազմգործողություններ տեղի ունեցան Լաթակիայի այդ հատվածում, ռուսական օդուժի ավիահարվածների զգալի մասը բաժին ընկավ Ջաբալ Աքրադում գտնվող ընդդիմադիրների կայանատեղիներին: Ռուսական օդուժի և սիրիական կառավարական ուժերի ռազմգործողությունները զգալի հարված հասցրին այստեղ պատսպարված ընդդիմադիր ուժերին: Սակայն արի ու տես, որ վերջիններս ամբողջությամբ արմատախիլ չարվեցին Լաթակիայում: Ավելին, այդ ուժերը (նաև Թուրքիայի աջակցությամբ) այժմ հայտարարում են, որ առաջ են շարժվելու՝ նպատակ հետապնդելով նվաճել ռազմավարական և մարտավարական կարևոր դիրք ունեցող Ջաբալ Աքրադը: Չմոռանանք նաև, որ Սիրիայի այս հատվածին մոտ է հայաբնակ Քեսաբն ու շրջական գյուղերը, և իսլամական ծայրահեղ արմատական ու թյուրքական խմբավորումները կարող են հարձակվել Քեսաբի ուղղությամբ՝ կրկնելով 2014 թ. մարտի դեպքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել