Հռոմի Պապի այցի արդյունքներով երեք հանգամանք, ըստ իս, չափազանց կարևոր և նշանակալի պետք է համարել:

Նախ՝ միևնույն տեքստում արտասանելով թե՛ Մեծ Եղեռն և թե՛ ցեղասպանություն բառերը, Պապն այս երկու եզրերը հստակորեն վերածեց բոլորովին նույնիմաստ հոմանիշների, այսպիսով, ըստ էության, սկիզբ դնելով քաղաքական նկատառումներով բառախաղերի միջոցով Հայոց ցեղասպանությանը տրվող գնահատականների շփոթի վերացմանը:

Երկրորդը՝ վերջնականապես փաստվեց, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին հին արևելյան քրիստոնեական եկեղեցիների շարքում փաստացիորեն միակն է, որը հավասարը հավասարի հետ հարաբերություններ կարող է պահել և զարգացնել այնպիսի հզոր եկեղեցական համակարգի հետ, ինչպիսին Հռոմի Կաթողիկե Եկեղեցին է:

Եվ վերջապես՝ Հռոմի սրբազան քահանայապետն անձամբ Հայաստանը համարեց ուխտատեղի՝ հինավուրց սրբավայր, ինչից բխում է, որ մեկ ու կես միլիարդանոց կաթողիկե համաշխարհային համայնքի համար մեր երկիրը ձեռք է բերում բոլորովին նոր նշանակություն և կարգավիճակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել