Այսօր Ձեզ կներկայացնեմ ևս մի հեշտ պատրաստվող համեղ դեսերտ։ Այն քիչ կալորեական է, բայց շատ սննդարար: Եթե այն ուտեք օրվա առաջին կեսին, ապա օրվա մյուս կեսը կանցկացնեք էներգիայով լի և բարձր տրամադրությամբ։

Այս դեսերտը ունիվերսալ է, կարելի է այն պատրաստել բոլոր սեզոններին և ցանկացած մրգերով: Ինքս մեծ մասամբ պատրաստում եմ հենց այս բաղադրությամբ, քանի որ բանանի ու խնձորի համադրությունը կարծում եմ շատ համեղ է։

2 բաժին մրգային դեսերտ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝

Կրեմ

1 ճ․գդալ ալյուր

3 ճ․գդալ շաքարավազ

1 հատ ձու - 50 դր

1 բաժակ կաթ - 100 դր

Վանիլին - 100 դր  

Միջուկ

1 հատ խնձոր - 50 դր

1 հատ բանան - 200 դր 

Ընդհանուր արժեքը ՝ 500դր

Պատրաստման տևողությունը՝ 10 րոպե

Կաթսայի մեջ կոտրել ձուն, լցնել վրան 3 ճ․գդալ շաքարավազ, 1 ճ․գդալ ալյուր և մեկ բաժակ կաթ, լավ խառնել, որ գնդեր չառաջանան, դնել կրակին և խառնել այնքան ժամանակ մինչև խառնուրդը պնդանա, եռալուն պես անջատել կրակը և թողնել, որ սառչի։

Լվանալ խնձորն ու բանանը, ազատել կեղևից և մանրացնել։ Հավասարաչափ բաշխել միրգը դեսերտի երկու բաժակների մեջ, վրայից լցնել արդեն գոլ կրեմը։ Կրեմի վրա դարչին ցանել և մատուցել: Չնայած սառնարանում սառեցված վիճակում այս դեսերտը ավելի համեղ է լինում։ Եթե սիրում եք սառը դեսերտներ, կարող եք այն մատուցելուց կես ժամ, կամ մեկ ժամ առաջ դնել սառցարան, միայն թե երկար չպահել, որ մրգի հատիկները չսառցակալեն, իսկ սառնարանում պահելու դեպքում դեսերտը պահպանում է իր համն ու տեսքը նույնիսկ երկու օր։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել