Պարույր Հայրիկյանի հետ կատարվածի շրջանակներում որոշ լրատվամիջոցներ փորձեցին նոր սենսացիա գտել. «Հայրիկյանը չի ընդունել Վիկտոր Դալլաքյանին»: Այդ պահին չէի կարծում, թե դրա մեջ մի ինչ-որ արտառոց բան կար. մարդը հիվանդ է և նրան հանգստանալ է պետք, այդ՝ գուցե նաև որոշ չափով անհարկի աժիոտաժից: Բայց համացանցում գնալով ավելի մեծ թվով էին այդ լուրը տիրաժավորում, իսկ դրան զուգահեռ պարոն Հայրիկյանն այդպես էլ ժամանակ չգտավ պարզաբանելու չհանդիպելու դրդապատճառը: Ուստի համացանցային ակտիվության ֆոնին Հայրիկանի քար լռությունը ստիպեց ինձ անդրադառնալ այդ հարցին:
Նախ, եթե Հայրիկյանի մոտ գալիս էին միայն «քեֆ-հալ» հարցնելու, ապա ինչո՞ւ էին միայն բարձրաստիճան պաշտոնյաները նրա հետ հանդիպում, իսկ թիմակիցներին ու անգամ հարազատներին նման հնարավորություն գրեթե չէր տրվում: Որեմն կարելի է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանի ու Սերժ Սարգսյանի՝ Հայրիկյանի ինքնասիրությունը շոյող հանդիպումները դիտարկվում են որպես գործող նախագահ, նախագահի թեկնածուի ու նրա շտաբի պետի այցելություն՝ ընտրությունների առաջիկա ընթացքի հետ կապված ճշտումներ անելու ու որոշակի բաներ պայմանավորվելու շրջանակում: Դե եթե Պարույր Հարիկյանի անձն այդպիսի բարձր մակարդակով կարևորվել է, եթե անձամբ նախագահն է այցելել նրան, էլ նախագահի նեկայացուցչի հետ ի՞նչ կարիք կա հանդիպելու, հանդիպի, որ ի՞նչ անի:
Մինչդեռ, փամփուշտը հարգարժան Հայրիկյանի այնպիսի կենսական օրգան չի վնասել, որպեսզի նրա մոտ սկլերոզ առաջանար, և չհիշեր, որ, երբ 1996թ-ին խորդրդարանի դահլիճում Երևանի ալաղացի այն ժամանակվա տնօրեն, ԱԺ պատգամավոր Գևորգ Դավթյանի հուժկու հարվածիւց հետո Հայրիկյանին բառիս բուն իմաստով ոտնատակ էին տվել, միայն Վիկտոր Դալլաքյանն էր նրան պաշտպանում, իսկ մեկ այլ պատգամավորի էլ, եթե չեմ սխալվում՝ Շողեր Մաթևոսյանը: 
Դժվար չէ կռահել, որ Պարույր Հայրիկյանի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը կսպառվի անմիջապես այն բանից հետո, երբ նա ամենայն հավանականությամբ կհայտարարի, որ նպատակարհարմար չի գտնում ընտրությունների անգամ 15-օրյա հետաձգումը: Իսկ դրանից հետո այլևս իշխանություներին հարկավոր չեն լինի նրա ծառայությունները, քանի որ Հայրիկյանի ներկայիս քաղաքական կշիռն այնքան չնչին է, որ նա կարող է պետք գալ ընդամենը մեկանգամյա օգտագործման համար: Ու երբ նրան կարճ ժամանակ հետո խաթրը մի չնչին բանով առնելով՝ մոռացության կտան, այդժամ, եթե նրա մատը փուշ մտնի, ապա, համոզված եմ, որ էլի, ավելի ճիշտ՝ միայն Դալլաքյանն է նրան այցելության գնալու ու իր աջակցությունն առաջարկելու: 
Այնպես որ, եթե արդեն անցել են դեղերի, իսկ առավել կարևոր՝ բարձրաստիճան իշխանավորների այցելությունների արբեցնող ազդեցությունը, վատ չի լինի, որ հարգարժան պարոն Հայրիկյանն ուղղակի պարզաբանի՝ ոչ միայն Վիկտոր Դալլաքյանի հետ չհանդիպման դրդապատճառները, այլև մեծ թվով իր առողջությամբ հետաքրքրվողների, շնորհակալություն հայտնի ուշադրության ու ներողություն խնդրի բոլորի հետ հանդիպելու անհնարինության համար: Թե չէ ինքը շատ բարձր դիրքերում էր կանգնած, երբ պառկած էր, իսկ հենց ոտքի կանգնի, նրան շատ արագ «կպառկեցնեն»՝ անգամ իր ելման կետից ավելի ցածր իջեցնելով: Դա է մեր դաժան իրականությունը, և Պարույր Հայրիկյանը հազիվ թե դրան ծանոթ չէ, որպեսզի անհարկի ոգևորության արդյունքում աշխարհաքաղաքական սխալներից զատ, նաև մարդկային պարզ հարաբերություններում սխալներ թույլ տա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել