Բեմադրիչ Սուրեն Շահվերդյանի համար օրերը բուռն են եւ պայքարով լի: Մեզ հետ զրույցում ռեժիսորը ներկայացրեց իր կյանքը` բոլոր գույներով և վստահեցրեց, որ նոր սերունդը կկարողանա սովորականը դարձնել անսովոր ու անգույն կյանքը` գունավոր:

Այցեքարտ. Ռեժիսոր: Ծնվել է 1977թ. ապրիլի 24-ին, Երևանում: 1999թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: Առաջին գործը եղել է «Ապակե գազանանոց» ներկայացումը, որը Լիտվայում արժանացել է մրցանակի: 2002թ. երեխաների համար Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է «Բուրատինոյի արկածները» ներկայացումը: 2003թ. բեմադրել է «Ցելոֆանե երջանկություն» ներկայացումը, որը միջազգային թատերական «Արմմոնո» փառատոնի ժամանակ արժանացել է մրցանակի: Բեմադրել է մի շարք ներկայացումներ` «Փսիխոզ», «Մեր ծնողների սեքսուալ նեվրոզները», «Սիրահարված Հիտլերը», «Խելագարներ», «Ցանկությունների տրամվայ», «Աղախիններ» և այլն, որոնք մասնակցել են բազմաթիվ տեղական և միջազգային փառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների:

2002թ.-ից Հայկական երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Չէին սպասում», 2009թ.-ից` «Քաղցած չէին սպասում» հաղորդումները:

Ես ինչքան ինձ հիշում եմ, իմ գիտակցական կյանքը թատրոնում է եղել. Մի շրջան է եղել, որ հենց թատրոնի բակում ենք ապրել` Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնի: Երբ ես փոքր էի, երկրաշարժից հետո այնտեղ անվտանգ տնակ էր սարքված, որտեղ և ապրում էինք մինչ Երևան տեղափոխվելը: Ես մեծացել եմ թատրոնում, ճանապարհորդել եմ թատրոնի հետ, մեծացել եմ թատրոնում. գնդի զավակ են ասում, ես էլ կարող եմ ասել, որ թատրոնի զավակ եմ, և ներկայացումներում երեխայի դերերում ինձ և քրոջս էին զբաղեցնում:

Ես կարծում եմ` որպես արտիստ` բեմում ես չէի կայանա. չնայած ինստիտուտի տարիներին բեմ միշտ դուրս էինք գալիս (չգիտեմ` ինչու բոլորի համար ծիծաղելի էի ես բեմում): Հասկացա, որ իմ մեջ արտիստն այնքան չէ, ինչքան արտիստի հետ աշխատելը:

Յուրաքանչյուր ստեղծագործության հեղինակ, եթե չի տեսնում իրեն և իր պրոբլեմը այդ ստեղծագործության մեջ, ինձ թվում է՝ անիմաստ է բեմադրել և խոսել դրա մասին. բոլոր այն ներկայացումները, որոնք ես ստեղծել եմ և բեմադրել եմ, այնտեղ միանշանակ ես կամ, և իմը շատ է` իմ ասելիքը, իմ ցավը, իմ վերաբերմունքը. առանց դրա անիմաստ է:

Կոնկրետ ինձ հետ կապված շատ դռներ փակվում են, լուրջ խոչընդոտներ լինում (ոչ միայն սունդուկյանական խմորումներ), ինչը ես վերագրում եմ խանդին, նախանձին, մրցակցությանը, կայացվածությանը.

ՀՀ-ում բնակվող եզակի ռեժիսորներից եմ, ով աշխատում է արտերկրում, հաճախ բեմադրում է այնտեղ և մոտ ապագայում էլ ներկայացում ունեմ, քչերից եմ, ում ներկայացումները բազմիցս մասնակցել են թատերական լուրջ փառատոնների: Հենց Սունդուկյանում ամեն բան սկսվել է այն բանից հետո, երբ խնդիրներ ծագեցին գեղ. ղեկավարի փոփոխության հետ` ի դեմս հորս. հիմա Շահվերդյան ազգանունն այնտեղ ոմանց համար անտանելի է, իհարկե, նրանք շատ փոքրաթիվ են. մնացյալ բոլորն ընդունում են ինձ ու հատկապես այն դերասանները, ովքեր ընդունում են ինձ, ինձ հետ թեկուզ լուսին կգնան: Գիտեն` ես ով եմ, ինչ եմ կարողանում անել և ինչպես եմ անում. բոլորը ցանկություն ունեն ինձ հետ կրկին աշխատելու: Սունդուկյանի ղեկավարության նման վերաբերմունքը համարում եմ ստորութուն, այսինքն՝ այնտեղի գլխավոր ղեկավարը եթե գիտի, որ թատրոնը փառատոնից հրավեր է ստացել ու խոչընդոտում է մեր մասնակցությանը...

Ու երբ հերթական առիթն է ընձեռնվում մեր մշակույթը ներկայացնելու դրսում և ասվում է, որ մենք դրա ժամանակը չունենք, մի քիչ անհասկանալի է. բա ինչի՞ ժամանակն ուներ Սունդուկյան թատրոնը. «Մաշայի և արջի՞», որը ամենաշատը խաղացվեց 2012 թ.–ին և հենց նախորդ ամիս թատրոնում չի խաղացվել ոչինչ, բացի «Մաշայից և արջից»: Եթե միայն դրա ժամանակը ունի, թող ազգային թատրոնը վերանվանեն ուրիշ կերպ: 

Տարին շատ բուռն էր ու հետաքրքիր. Եղանք Լիտվայում, ներկայացրինք Ժան Ժենեի «Աղախինները» ներկայացումը: Վերջերս վերադարձանք Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կայացած «Բունտեբունե» միջազգային թատերական փառատոնից, ներկայացնում էինք հայտնի սկանդալային «Փսիխոզ 4.48» ներկայացումը: Այն մոտ վեց տարի չէինք խաղում, որովհետեւ հեղինակը հեղինակային իրավունքը տրամադրելու դիմաց բավականին մեծ գումար էր պահանջում: Հեղինակային իրավունքը գնել էինք երկու տարով: Այդ ընթացքում ներկայացումը բավականին լուրջ պատմություն ունեցավ, հասցրեց լինել 13 երկրներում, մասնակցել փառատոների, որտեղից վերադառնում էինք մրցանակներով: Երբ ներկայացումը Հայաստանում խաղացվում էր, բուռն արձագանք էր ունենում, միշտ ներկայացումներից հետո քննարկումներ էին տեղի ունենում, գալիս էին մասնագետներ, հոգեբաններ, քանի որ ներկայացումը ինքնասպանության մասին է: Այն աշխարհի շատ երկրներում է բեմադրվել, մեծամասամբ` մոնո ժանրում, իսկ իմ ներկայացման մեջ վեց դերասանուհիներ են: Այդ դադարից հետո Գերմանիայում մի քանի տարի առաջ ներկայացրել էի իմ բեմադրած ռումինական ներկայացումը, եւ այդ փառատոնի ղեկավարներն անընդհատ խնդրում էին, որ ներկայացնեի «Փսիխոզ 4.48»-ը իրենց փառատոնում: Բայց հնարավոր չէր լինում, որովհետեւ չունեի իրավահաջորդի կողմից թույլտվություն, որպեսզի այն կրկին խաղայինք: Այս տարվա սկզբին իրավահաջորդը թույլ տվեց շատ չնչին գումարով եւս 2 տարով ներկայացումը շահագործել: Միանգամից շտապեցի տեղեկացնել Սունդուկյանի գլխավոր ռեժիսորին, որ ցանկություն ունեմ ներկայացումը վերականգնել, բայց թատրոնի գլխավոր ռեժիսորն ամիսներ շարունակ չէր պատասխանում: Մինչ Գերմանիայի հրավերը ունեի նաեւ Պրահայի «Ապոստրոֆ» փառատոնից հրավեր, նրանք նույնպես ցանկանում էին, որ այդ ներկայացումը տանեինք այնտեղ, բայց, քանի որ թատրոնից պատասխան չկար, 10-ից ավելի նամակները անտեսվում էին, եւ չհասցրեցի մասնակցել, որովհետեւ չվերականգնեցի, ու օդում կախված մնաց հարցը: Այնուամենայնիվ, պետք էր վերջնական որոշում կայացնել եւ մեկնել փառատոնին: Երբ թատրոնի գլխավոր ռեժիսորին հարցրեցի` ինչո՞ւ չեք պատասխանում իմ նամակներին, ասաց` ցու՛յց տուր օրենք, որ ես պարտավոր եմ քեզ գրավոր պատասխանել եւ կպատասխանեմ: Միանգամից բռնվեցի դրանից, որովհետեւ իսկապես նման օրենք կա: Այդ օրենքով գնացի իր մոտ, դրանից հետո պատասխան ստացա, որ մենք նպատակահարմար չենք գտնում ներկայացումը խաղացանկում ընդգրկել, բայց եթե ցանկություն ունես, կարող ենք քեզ փորձասենյակ տրամադրել, որտեղ կարող ես փորձեր անել:

Ես կարծում եմ, որ բարեփոխումներ կլինեն այն ժամանակ, երբ թատրոնի մասին օրենք կընդունվի, վերջապես, կփոխվի այն ժամանակ, երբ թատրոնով հետաքրքրվողներն ընդհանրապես շատանան. Այսօր թատրոնն այնպիսի մի իրավիճակում է, որ շատերին չի հետաքրքրում թատրոնը...Հետաքրքրում են անտիրպրզիային շուն, որտեղ երկու-երեք դեմքեր կան, ովքեր հումորային համերգային ծրագիր են կազմում և հանդես են գալիս այս կամ այն թատրոնի բեմում: Պետական մոտեցում կա և որքան որ հասկանում եմ, լուրջ գումարներ թատրոնին տրամադրվում են Հայաստանում, և կա պետական մոտեցում, իսկ թե ինչպես է դա կառավարվում, այ դա չկա: Այսօր թատրոններում նստած են տնօրեններ սովետական շրջանից եկած մոդելով , ովքեր աշխատում են փող աշխատել ամեն գործի մեջ: Այս կամ օպերայից սկսած՝  քեֆ-կնունքի հրավիրել :

Բայց երբ ես տեսնում եմ, որ ազգային թատրոնի գովազդային վահանակն ամբողջ տարի գովազդում է «Մաշա և մեդվեդ», ես մտածում եմ, որ անտերություն է և գուցե շատերին գուցե ձեռք է տալիս այս իրավիճակը: Եվ թատրոնին , որը վարձով է տալիս իր շենքը դպրոցական ավարտական միջոցառումների համար և պարապ նստում է թատրոնն իր կոլեկտիվով , կամ կիսապրոֆեսիոնալներ ինչ-որ բաներ են ցուցադրում, դա է այսօրվա մեր թատրոնի իրական դեմքը: Թատրոն գրեթե մարդ չի գնում, թատրոն գրեթե ստիպում են, որ գնա. ով կարողանում է ներկայացում վաճառել : Թող թատրոնների թիվը կրճատվի, բայց լինի իսկական որակյալ արվեստ: Մայր թատրոն ենք ասում, բայց այնպիսի ապսուրդային գովազդային պաստառներ ենք կարդում, որ ուղղակի զզվանք ես ապրում:

Մի խոսքով այս տարին բուռն է լինելու, որովհետև ես չեմ լռելու , ես պայքարելու եմ նոր թատրոնի, նոր արտահայտչամիջոցների ու նոր կառավարման համար. Թատրոնն այսօր կառավարվում է կոմունիստական տնօրինական դպրոցով: Թատրոնում պետք է լինի պրոդյուսեր, ով խենթորեն պետք է սիրահարված լինի թատրոնին, ով կկարողանա թատրոնը բարձրացնել. Ես կարծում եմ, որ մենք կարող ենք միջազգային պրոդյուսերներից մեկ երկուսին հրավիրել մեր գլխավոր թատրոններ, ովքեր կասեն` ինչ անել:

Իսկ այսօր երևանյան թատրոնների միջև համագործակցություն չկա....Այսինքն կա` իրարից լավ բամբասում են:

Ես ոչ մի թատրոնում չեմ աշխատում.  այն օրից, երբ պարզեցվեց Սունդուկյան թատրոնի գեղղեկավարի պաշտոնը. ասացին, որ ռեժիսորներր այլևս չեն աշխատելու, ինձ հանեցին թատրոնից. չգիտեմ, թե ռեժիսորները էլ որտեղ պիտի աշխատեն, եթե ոչ թատրոնում: Ես այսօր պայմանագիր ունեմ Ռումինիայի «Տոնի Բուլանո» թատրոնի հետ, մոտ ապագայում էնտեղ ներկայացում պետք է բեմադրեմ. «Օթելլո»... Հրավիրել են: Ինձ հետ միասին բազմաթիվ համախոհներ կան, ովքեր պատրաստ են փողոցում անգամ ներկայացում խաղալ և ուշադրություն գրավել. Ես հասկացել եմ, որ մեր երկրում հարցերը հենց այդպես են լուծվում. ագրեսիվ միջամտություն է պետք, որ մարդիկ սկսեն մտածել, որ ամեն բան այնքան էլ լավ չի, ինչպես մենք ենք կարծում, պետք է ինչ-որ բան փոխենք: Ես իմ գործով զբաղվելով՝ շատ երիտասարդների հետ միասին, թատրոնում էլ պետք է շատ բաներ փոխվի. անհանդուրժողական պետք է լինենք այն երևույթների նկատմամբ, ինչը որ տեղի է ունենում, մեկ տարի պայքարում էինք Սունդուկյան թատրոնում, որ թույլ տան վերականգնել, մյուսը արդեն մեր ուժերով արեցինք, մենք կանենք, հենց պետք է էդպես էլ գործել, լուրջ, կտրուկ միջոցներ ձեռնարկել, որ վերաբերմունքը փոխվի:

Ամեն բան ձևավորում է մարդ, ճաշակ ու հենց այդտեղից է սկիզբ առնում ռեժիսուրան.

Ազդեցություններ. ռեժիսորներ Ռոբերտ Ստուրուայից, Մարկ Զախարովից, Յուրի Լյուբիմովից, ֆիլմերից, նաև երաժիշտներից.

Մարդու ձևավորման վրա առհասարկ միջավայրը մեծ նշանակություն ունի. ես ամեն երեկո մեկ ֆիլմ վստահաբար նայում եմ, առհասարակ ճանապարհորդելը նույնպես անուղղակի ազդեցություն է թողնում քո աշխարհընկալման վրա. օրինակ` Վենետիկի Սան Մարկո հրապարակում քայլելը:

Ինչքան տեսնես, առնչվես, այդքան շատ ինչքան շատ ֆանտազիա կունենաս, էնքան լավ կարող ես ստեղծագործել. դա էլ է խնդիրը, որ այսօր մեր թատրոնը դոփում է տեղում , մեր թատրոնները գրեթե չեն ներկայանում դրսում, եթե լինում էլ են հյուրախաղեր, ապա հայկական համայնքների համար, այլ ոչ թե այն երկրի, որտեղ հյուրընկալվել են: Եթե շփումը լինի օտարերկրյա թատերախմբերի հետ, եթե տեսնեն արդի թատրոնի տեմպոռիթմը , դինամիկան, ասելիոքը ուր է հասել, իրենք կամաչեն բեմ դուրս գալ: Իսկ մեր դերասանները բեմ են դուրս գալիս` սնապարծությամբ, թե իրենք կատարելություն են և 40-60-ական թթ.- ականի արտահայտչամիջոցներով ելույթ են ունենում ու այնպես ինքնասիրահարված, մի երկու սերիալային կադրերում է երևացել և փողոցում իրենց ճանաչում են, նրանց թվում է, ուրեմն վերջ...Նման փոքր կրքեր կան, որոնք խոչընդոտում են մեր արվեստի աճին : Բայց հույս ունեմ, որ ժամանակը վաղ թե ուշ ամեն բան իր տեղը կդնի : Գալիս է մի երիտասարդություն, որ ինֆորմացիոն բլոկադա չունի: Եվ այդ երիտասարդը, ով ներկա կլինի նման ներկայացումների, չի հավատալու ու փոխելու է . ես կարծում եմ, որ շատ բաներ կփոխվեն մոտ ապագայում:

Նոր ներկայացում ունեմ. Բեմադրեցի հետաքրքիր մի ներկայացում, որն արվել է Բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի ղեկավար, հոգեբան Խաչատուր Գասպարյանի հետ: Այն իրական 3 կնոջ պատմություն է` հիմնված իր հաճախորդների պատմությունների վրա: Իհարկե, անուններն ու հանգամանքները փոխված են, որպեսզի մարդիկ հանկարծ մի օր իրենց պատմությունը չտեսնեն բեմում: Երեք կնոջ մասին է, ովքեր ընտանիքում ենթարկվել են գենդերային ճնշման, լուրջ տրագիկ ավարտ են ունեցել ու դիմել հոգեբանին: Այս ներկայացումը նույնպես բեմի խնդիր ունի: Փորձել ենք մի քանի անգամ խաղալ տարբեր ինստիտուտներում, փոքր լսարանի համար: Մի քանի նման վայրերում խաղալու արդյունքում զգացինք, որ ներկայացումը կանանց շատ ոգեւորում է, որովհետեւ դահլիճում նստած կանայք տեսնում են մի փոքր պատմություն իրենց կյանքից եւ ասում` այո՛, այս բռնությանը մենք էլ ենք ենթարկվել: Այսօր մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որ ոչ ոք բռնության չպետք է ենթարկվի, կարեւոր չէ` կին է, տղամարդ, թե՝ երեխա: Ինձ համար այս ակցիան լուրջ կոչ է, որ մարդիկ նայեն իրենց շուրջը եւ գնահատական տան, թե ինչպես են ապրում: Գաղտնիք բացեմ. ներկայացումը բեմադրվում է նաեւ անգլերեն, դրսից կազմակերպություններ կան, որ հետաքրքրված են, ուզում են տեսնել:

Օրերս Բալիում միջազգային փառատոնին ներկայացվեց «Աղախիններ» ներկայացումը:

Ես մարդ եմ, ով`

Անվերապահորեն հավատում է` Աստծուն և հավատում եմ, որ իմ կյանքի ընթացքում հանդիպելու եմ մարդկանց,ովքեր, որ տեսնում են աշխարհը այնպիսին, ինչպես ես, իսկ ես շատ ավելի լավ եմ տեսնում, քան այսօր իրականում կա և վստահաբար շատ բաներ փոխելու ենք դեպի լավը: Աշխարհը այնպիսին, ինչպիսին ես եմ տեսնում:

Վախենում է` միայնակությունից, միանշանակ,  վախենում եմ չհասցնել, որովհետև կյանքն ինձ համար շատ կարճ է, ես անընդհատ զգում եմ, որ չեմ հասցնում. վախենում եմ ժամանակից. ինձ համար կյանքը ակնթարթ է, պետք է հասցնել ասել այն, ինչ ուզում ես, վախենում եմ գլխավոր ասելիքս չհասցնեմ ասել կյանքում:

Ներում է. Էնպիսի բան չկա, որ չկարողանամ ներել. պետք է ներել, որ ներվես, կարծում եմ, որ կներեմ, կներեմ, որովհետև կհասկանամ , պետք է ներս, որ գտնես պատճառը, որ եղածը նորից չկրկնվի, ներումն ավելի մեծ ուժ է պահանջում:

Սիրում է. Սիրում եմ սիրել, որովհետև , երբ սիրում ես, ապրում ես, երբ սիրում ես, զգում ես, որ կապրես և "գեղեցկությունը կփրկի աշխարհը" արտահայտությունն այսօր ավելի արդիական կլինի փոխարինել սերը կփրկի աշխարհը ասույթով: Սիրում եմ այս պահը, որ այստեղ նստած եմ և կարող եմ հանգիստ լինել, ես շատ եմ սիրում և ինչքան շատ սիրեմ, էդքան կյանքը հետաքրքիր է լինելու, առանց սիրո կյանքը լիարժեք չէ:

Ում համար ընտանիքը սեր է. ընտանիքս. տղաս տասը տարեկան է, աղջիկս` վեց: Աղջիկս  5 տարեկանից պարարվեստի ուսումնարանում է սովորում, տղաս դաշնամուր է նվագում: Կինս նույնպես ավարտել է Թատերական ինստիտուտի ռեժիսուրան և  մեկ - երկու ներկայացումներումս փոքրիկ դերերում զբաղված է լինոմ, հիմնականում զբաղվում է մանկական ամսագրով. «Ուրախ գնացք» ամսագրի խմբագիրն է:

Մաղթում է բոլորին գույներ. Հասարակությանը պետք է մաղթենք գույներ. մեր պետության մեջ քիչ գույն կա: մարդիկ հագնվում են գորշ ու սև, նույնիսկ մեքենաներն են գորշ կամ սև, շատ դիպուկ է ամեն բան, ես ուզում եմ, որ մեր հասարակությունը ,մեր ժողովուրդը լավ ապրի, աղքատությունը սպանում է ամեն բան, մենք արժանի ենք լավ ապրելու, ես ուզում եմ, որ մենք լավ պետություն կառուցենք: Արտերկրում փողոցում բոլորը ժպտում են, այստեղ, ցավոք, հակառակը, երբ աչքդ հանդիպում է մեկ ուրիշի աչքին այնքան ագրեսիա կա...Շատ խնդիրներից է գալիս, երևի պաշտպանվելու ռեֆլեքս էլ է, որ մեր հասարակության մեջ նստած է, և չի կարողնաում դուրս գալ: Ես ուզում եմ, որ փողոցում քայլելիս մարդիկ իրար ժպտան, այլ ոչ թե նախանձեն: Ես ուզում եմ, որ մեր քաղաքը գույներով լինի, որ բարություն իջնի մեր պետության վրա, փողի մոլուցքը, չարը, օդում շատ է, նյութապաշտությունը պիտի անցնի երրորդական պլան: Ես ուզում եմ, որ մեր քաղաքացու հոգևոր սովը ոչ թե այս կամ այն անճաշակ վատ ռեստորանում բավարարվի և լցվի հիմար երաժշտությամբ, այլ ինչ-որ հետաքրքիր դասական երաժշտության համերգի ժամանակ, թատրոնում: Իսկ այսօր լավ կյանք ունենալը այս կամ այն ռեստորանում կուշտ ուտելն է, սնունդ ընդունելն է. հոգևոր սնունդ է պետք, միա՛յն հոգևոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել