Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայաստան կատարած այցի քաղաքական, բարոյական ու հոգևոր նշանակությանը։ Ի պատասխան հարցի, թե Հայոց ցեղասպանության հարցում խիստ զգայուն հայերս արդյո՞ք ինչ-որ առումով հակված չենք գերագնահատելու Պապի այցը, նա ասաց. «Կաթոլիկ աշխարհը` սփռված լինելով Լատինական Ամերիկայից մինչև եվրոպական մայրցամաք, ասիական պետություններից մինչև ԱՄՆ, իրականում ցանցային աշխարհ է, և այդ տեսակետից, իհարկե, դժվար է գերագնահատել Հռոմի պապի այցի կարևորությունը Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման համար»։

-Հայաստան կատարած պատմական այցը ինքը՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ձևակերպել է որպես այց` Առաջին քրիստոնեական երկիր: Այն բոլոր խոսքերը, որ հնչեցին Հայաստանում, Հայաստանի ու հայերի մասին, հասկանալի են, հուզել են, շատ ջերմ են Այսուհանդերձ, հիմա խոսենք Հռոմի պապի Հայաստան կատարած այցի քաղաքական հետևանքների մասին:

-Այստեղ պետք տարանջատել մի քանի հարթություն, և առաջինը հենց քաղաքականն է: Երկկողմ հարաբերությունները Սուրբ Աթոռի հետ գերակայություն են դառնում մեր արտաքին քաղաքականության համար, քանի որ Վատիկանը, լինելով աշխարհի ամենափոքր պետություններից մեկը, իրականում տնօրինում է ամենամեծ քանակությամբ մարդկանց հոգիներն ու սրտերը: Եվ կաթոլիկ աշխարհն իր ծավալով համադրելի է Չինաստանի ու Հնդկաստանի հետ: Այսինքն` այստեղ ակնհայտ է, որ միջպետական հարաբերությունների զարգացման հետևանքով դրական միտումները շատ ավելի մեծ են, քան պարզապես Վատիկան-Հայաստան հարաբերությունները: Կաթոլիկ աշխարհը` սփռված լինելով Լատինական Ամերիկայից մինչև եվրոպական մայրցամաք, ասիական պետություններից մինչև ԱՄՆ, իրականում ցանցային աշխարհ է, և այդ տեսակետից, իհարկե, դժվար է գերագնահատել Հռոմի պապի այցի կարևորությունը Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման համար: Երեկ ընկերներս զանգել էին Գերմանիայից և պատմում էին, որ գերմանական «փաբում» նստած են եղել, որտեղ գերմանական «Առաջին ալիքը» ցուցադրում էր Հռոմի պապի այցելությունը Ծիծեռնակաբերդ, նրա և Մեր նախագահի մեկնաբանությունները և մեծ ռեպորտաժ` Հայաստանի մասին: Ընկերս պատմեց, որ ռեպորտաժից հետո այդ պուճուր սրճարանում բոլորը սկսել են քննարկել Հայոց ցեղասպանությունը, ըստ որում, հայերի ու Հայաստանի համար դրական են եղել: Եվ անգամ կենցաղային մակարդակով ակնհայտ էր, թե կաթոլիկ աշխարհի համար որքան կարևոր էր ու ինչ հզոր ազդակ էր Հռոմի պապի այցելությունն ինքնին, բացի այն քաղաքական և հոգևոր «մեսիջները», որ նա արեց Հայաստանում: Իհարկե, հիմնականը հենց հոգևորն էր, ակնհայտ էր, որ Հռոմի պապն այսօր աշխարհում ամենահեղինակավոր մարդկանցից մեկն է, եթե ոչ ամենահեղինակավոր, և նման մարդու նման վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ, բերում է բարոյական և արժեհամակարգային հզոր ալիք Հայաստանի նկատմամբ: Այդ թվում՝ Հայաստանի հանդեպ՝ Հայաստանի ներսում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել