ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ երկուշաբթի` հունիսի 27-ին, Վարշավայում, կիրակի օրը PAP գործակալությանը հայտնել է Լեհաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռաֆալ Սոբչակը:

«Այդ նախաձեռնությունը հայտնվել է վերջերս, այդ պատճառով ներկա պահին շարունակվում է քննարկումը մեր գործընկերների հետ: Մենք ցանկանում ենք, որ այդ բանակցությունները տեղի ունենան ամենալայն շրջանակով: Մենք համարում ենք, որ անհրաժեշտ է խոսել բոլորի հետ, այստեղից էլ բխում է նախարար Վաշչիկովսկու նախաձեռնությունը: Իհարկե, ԵՄ ԱԳ նախարարները կարող են շփվել ԵՄ շրջանակներում գործող տարբեր ձևաչափերով: Կարևոր է, որ դա լինի գործընկերային քննարկում, որը կծառայի ԵՄ ապագայի թեմայով արտացոլման խորացմանը»,- հայտնել է Սոբչակը:

Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ շաբաթ օրը Վաշչիկովսկին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդի հետ:

«Համոնդի հետ զրույցի ժամանակ Վաշչիկովսկին վստահեցրել է, որ Միացյալ Թագավորությունը մնում է Լեհաստանի կարևոր ռազմավարական գործընկերը, որ մենք հարգում ենք Մեծ Բրիտանիայի բնակիչների հանրաքվեում արտահայտված որոշումը: Ֆիլիպ Համոնդը իր հերթին հաստատել է, որ հանրաքվեի արդյունքները չեն ազդում Մեծ Բրիտանիայում լեհերի իրավիճակի վրա, և Մեծ Բրիտանիան մնում է ակտիվ խաղացող միջազգային ասպարեզում»,- ավելացրել է Սոբչակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել