«Հայերի տառապանքները մեզ են պատկանում, այդ տառապանքները  Քրիստոսի խորհրդավոր մարմնի անդամների տառապաքներն են»,-նախօրեին Հանրապետության հրապարակում  կայացած էկումենիկ արարողության և խաղաղության աղոթքից հետո Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը:

Հիշեցնենք, որ Երևանի գլխավոր հրապարակում երեկ կայացել էր Էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիսապետությամբ:

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն իր  համամիութենական աղոթքում ասել էր. «Չեմ կարողանում չմտածել այն սոսկալի փորձությունների մասին, որոնց միջով անցել է ձեր ժողովուրդը. ընդամենը մի դար է անցել Մեծ Եղեռնից, որ ձեզ պատուհասեց: Այս «սոսկալի և խելագար  ջարդը» (Ուղերձ Սուրբ Պատարագի սկզբին հայածես հավատացյալների, 12 ապրիլի 2015թ.), այս անարդարության ողբերգական խորհուրդը, որ ձեր ժողովուրդը իր մարմնի վրա կրեց, միշտ տպավորված է մնում հիշողության մեջ և այրում է սիրտը: Ուզում եմ շեշտել, որ ձեր տառապանքները մեզ են պատկանում, «Քրիստոսի խորհրդավոր մարմնի անդամների տառապանքներն են» (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ, «Առաքելական նամակ հայ ժողովրդի Մկրտութեան 1700-ամեակի առիթով», «Ուսուցումներ ԻԴ», 1 [2001], 275); դրանք հիշելը ոչ միայն պատեհ է, այլև՝ պարտավորություն. բոլոր ժամանակների համար թող ազդակ դառնան, որպեսզի աշխարհը այլևս երբեք չընկնի այդպիսի սխալների հորձանքի մեջ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել