Ներկայացնում ենք Սուրբ Էջմիածնում՝ Հռոմի պապի մասնակցությամբ Սուրբ պատարագի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի Պապի խոսքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում.«Ձերդ Սրբություն, հույժ սիրելի Եպիսկոպոսներ, սիրելի եղբայրներ և քույրեր, այս հույժ ցանկալի և ինձ համար արդեն անմոռանալի այցի գագաթնակետին, ուզում եմ Տիրոջն ուղղել իմ շնորհակալությունը՝ այն միացնելով այս սեղանից բարձրացած փառաբանական և գոհաբանական մեծ աղոթքին: Այս օրերին, Ձերդ Սրբությունը սեփական տան դռները բացեց ինձ, և զգացինք թե «ինչ գեղեցիկ և ինչքան քաղցր է, որ եղբայրները միասին բնակուեն» (Սղ 133,1): Հանդիպեցինք, եղբայրաբար ողջագուրվեցինք, միասին աղոթեցինք, կիսեցինք ընծաները, հույսերն ու մտահոգությունները, Քրիստոսի Եկեղեցու՝ որի սրտի միաձայն զարկերը լսում ենք, և հավատացած ենք և զգում ենք թէ մէկ է: «Մէ՛կ մարմին եւ մէ՛կ հոգի, ինչպէս որ մէ՛կ է ձեր յոյսը [...]. մէ՛կ Տէր, մէ՛կ հաւատ, մէ՛կ մկրտութիւն: Մէ՛կ Աստուած եւ Հայր բոլորի, որ վեր է բոլորից, բոլորի հետ եւ մեր բոլորի մէջ» (Եփ 4,4-6). իրոք կարող ենք ուրախությամբ մերը դարձնել Պողոս առաքյալի այս խոսքերը: Հենց սուրբ Առաքյալների հիշատակին հանդիպեցինք: Սուրբ Բարթուղիմեոսը և Թադևոսը, ովքեր առաջին անգամ քարոզեցին Ավետարանն այս աշխարհում, և Սուրբ Պետրոսն ու Պողոսը, որ Հռոմում իրենց կյանքը զոհեցին Տիրոջ համար, մինչ թագավորում են երկնքում Քրիստոսի հետ՝ վստահաբար ուրախանում են՝ տեսնելով մեր սերն ու ժրաջան ձգտումն ամբողջական հաղորդության: Այս բոլորի համար շնորհակալ եմ Տիրոջը, Ձեզ համար և Ձեզ հետ. Փառք Աստծո:

Այս Սուրբ Պատարագի ընթացքում, հանդիսավոր Սուրբ երրորդդությունը  բարձրացավ երկինք՝ օրհնաբանելով Աստծո սրբությունը. Ամենաբարձրյալի օրհնությունն առատորեն իջնի երկիր, Աստվածամոր, մեծ սրբերի և վարդապետների, մարտիրոսների և  հատկապես բազմաթիվ նահատակների բարեխոսությամբ, որ անցած տարի այս վայրում սրբադասեցիք: «Միածինը որ այստեղ իջաւ» օրհնի մեր ճանապարհը: Սուրբ Հոգին բոլոր հավատացյալներին պարգևի մեկ սիրտ, մեկ հոգի. մեզ այցելի միութեան մէջ վերահաստատելու: Այս պատճառով ուզում եմ կրկին կանչել Նրան, իմը դարձնելով սքանչելի խոսքերից  ոմանք, որ ձեր Ծես մուտք են գործել: Եկ, Հոգի, Դու «որ բարեխօս ես մեզ համար, անմռունչ հեծութիւններով ողորմած Հօր մօտ, որ սրբերին պահում ես եւ մեղաւորներին մաքրում», թող իջնի մեր վրայ քո սիրոյ եւ միութեան կրակը, եւ «այս կրակով հալին մեր գայթակղութեան պատճառները» (հմմտ. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ, Մատեան ողբերգութեան, 33,5), նախևառաջ միության պակասը Քրիստոսի աշակերտների միջև:

Հայ Եկեղեցին խաղաղությամբ ընթանա և մեր միջև խաղաղությունը կատարյալ լինի: Բոլորի մէջ ծնուի միութեան հզօր ցանկութիւն, այնպիսի միութեան, որ պէտք չէ լինի «ո՛չ ենթարկութիւն մէկը միւսին, ո՛չ կլանում, այլ առաել ընկալում բոլոր շնորհներին որ Աստուած տուած է իւրաքանչիւրին՝ ամբողջ աշխարհին յայտնելու համար փրկագրոծութեան մեծ խորհրուրդը, իրագործուած Տէր Քրիստոսից, Սուրբ Հոգու շնորհիւ» (Սրբազան Հօր խօսքեր Աստուածային Ծիսակատարութեան ընթացում, Սուրբ Գէորգ Պատրիարքական Եկեղեցի, Պոլիս, 30 նոյեմբեր 2014):

Սրբերի հորդորներն ընդունենք, լսենք խոնարհների և աղքատների ձայնը, ատելության բազմաթիվ զոհերին, որ տառապեցին և իրենց կյանքը զոհեցին հավատի համար. ականջ դնենք նոր սերունդներին, որ անցյալի բաժանումներից ազատ ապագա են խնդրում: Այս սրբատեղիից թող կրկին սփռվի ճաճանչափայլ լույսը. այս երկրի լուսավորիչին՝ ձեր Ավետարանի Հոր՝ Սուրբ Գրիգորի հավատի լուսին թող միանայ սիրո լույսը, որ ներում և հաշտվում է:

Ինչպես Առաքյալները Զատկի առավոտյան, տարակույսներով և  անվստահություններով հանդերձ, վազեցին հարության վայրը, նոր հույսի երջանիկ արևագալից դյութված` (հմմտ. Յվ 20,3-4), այնպես և մենք այս սուրբ Կիրակի օրը , հետևում ենք Աստծո կանչին՝ կատարյալ միության և դրա համար արագացնենք մեր քայլերը:

Իսկ այժմ, Սրբություն, , Աստծո անունով, խնդրում եմ որ Ինձ օրհնեք, օրհնեք ինձ և Կաթողիկե եկեղեցին, օրհնեք մեր այս ընթացքը՝ դեպի կատարյալ միություն»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել