Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի երրորդ օրը մեկնարկելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Պատարագի Սրբազան արարողությամբ:

Պատարագը մատուցվելու է Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում` աղոթական մասնակցությամբ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի:

Այսօր Հռոմի պապը հանդիպելու է նաև Հայոց եկեղեցու պատվիրակությունների հետ:

Հռոմի պապի այցի վերջին հանգրվանը լինելու է Խոր Վիրապի վանքը: Հենց այս վայրում են իրենց քարոզության ժամանակ հանդիպել Հայ Եկեղեցու հիմնադիր Սուրբ Թադեոս և Սուրբ Բարթողիմեոս առաքյալները` ի հիշատակ այդ իրադարձության կանգնեցնելով «Օթյաց խաչը»: Սակայն Խոր Վիրապի պատմությունն անմիջականորեն կապված է հայոց հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Հայոց մեծ դարձի հետ: Ըստ 5-րդ դարի պատմիչ Ագաթանգեղոսի և Հայ Եկեղեցու Սրբազան Ավանդության` Հայոց Տրդատ Երրորդ թագավորը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս, բազում կտտանքներից և տանջանքներից հետո Արտաշատի արքունական բանտն է նետել Ս.Գրիգոր Լուսավորչին, ուր նա մնացել է 14 տարի: Ավանդությունն ասում է, որ ամեն օր այրի մի կին նկանակ էր նետում այդ գբի մեջ, որի շնորհիվ Սուրբ Գրիգորը սնվում էր: Սուրբ Հռիփսիմյանց և Սուրբ Գայանյանց կույսերի նահատակությունից հետո Տրդատ թագավորը ծանր հիվանդանում է: Արքայի քույր Խոսրովիդուխտը մի քանի անգամ երազում տեսնում է, որ իր եղբորը կարող է բժշկել միայն Սուրբ Գրիգորը, որին արդեն մեռած էին համարում: Ի զարմանս բոլորի` Սուրբ Գրիգորն Աստծո ողորմությամբ ոչ միայն կենդանի էր, այլ նաև հոգով արի էր, իսկ մտքով` լուսավոր:

Խոր գբից դուրս գալով` Սուրբ Գրիգորը բժշկում է ապաշխարած և դարձի եկած արքային ու նրա ընտանիքը, և հայ ժողովուրդը 301 թ-ին քրիստոնեությունն ընդունում է որպես պետական կրոն: 5-րդ դարում արքայական բանտի տեղում վանք է հիմնադրվել և միաբանություն հաստատվել: 12-13-րդ դարերում այս վանքը, բացի համազգային սրբավայր և ուխտատեղի լինելուց, նաև կրթամշակութային և գրչության նշանավոր կենտրոն էր:

Խոր Վիրապում Ամենայն Հայոց Հայրապետը և Հռոմի պապն աղավնիներ են արձակելու դեպի Արարատ լեռ:

Այնուհետև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա հրաժեշտի արարողություն, որից հետո Ֆրանցիսկոս Պապը, ավարտելով այցն առաջին քրիստոնյա երկիր, կվերադառնա Վատիկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել