Երբ Հիսուսը լսեց Հովհաննեսի գլխատման մասին, առանձին նավակ մտնելով՝ այդտեղից գնաց ամայի մի տեղ։ Շրջանի քաղաքների բնակիչները, այս լսելով, քայլելով գնացին նրա հետևից։ Երբ Հիսուսը դուրս ելավ նավակից, տեսավ ժողովրդի մեծ բազմությունը, գթաց նրանց և բժշկեց հիվանդներին։ Երեկոյան նրա աշակերտները մոտեցան նրան և ասացին.
- Ամայի մի տեղում ենք, և ժամանակն էլ ուշ է. արձակի՛ր այդ ժողովրդին, որպեսզի գնան շրջակա գյուղերը և ուտելիք գնեն իրենց համար։
Հիսուսն ասաց.
- Հարկ չկա, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տվեք։
Նրանք ասացին Հիսուսին.
- Այստեղ համարյա ոչինչ չունենք, բացի հինգ հացից և երկու ձկից։
Հիսուսն ասաց.
- Այստե՛ղ բերեք դրանք։
Եվ հրամայեց, որ ժողովրդին նստեցնեն խոտի վրա։ Ապա վերցնելով հինգ հացն ու երկու ձուկը՝ աչքերը երկինք բարձրացրեց, օրհնեց, կտրեց հացերը և տվեց աշակերտներին, որոնք բաժանեցին դրանք ժողովրդին։ Բոլորն էլ կերան ու կշտացան, և աշակերտները, ավելացած կտորտանքները հավաքելով, տասներկու սակառ լցրին։ Ուտողները շուրջ հինգ հազար հոգի էին՝ չհաշված կանանց ու երեխաներին։
(Մատթեոսի ավետարան 14:13-21)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել