2014թ. մայիսի 25-ին նախկին նախագահ Միշել Սուլեյմանի իրավասությունների ժամկետի ավարտից հետո արդեն ավելի քան 2 տարի է, ինչ Լիբանանի խորհրդարանը չի կարողանում նոր նախագահ ընտրել: Երկրի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրին նախագահի ընտրության երկրորդ փուլի հերթական քվեարկության օր է նշանակել հուլիսի 13-ն. առաջին փուլը կայացել էր դեռևս 2014 թ. ապրիլի 23-ին:

Մերձավորարևելյան այս երկրում շարունակվող ներքաղաքական ճգնաժամը մեծապես պայմանավորված է տարածաշրջանում ընդհանրապես և Լիբանանի հարևան Սիրիայում մասնավորապես ծավալվող հակամարտությամբ, որտեղ ներլիբանանյան երկու հակադիր դաշինքները պաշտպանում են հակամարտության տարբեր կողմերի: Իրանի հովանավորությունը վայելող «Հիզբալլահ» շիայական արմատական կառույցն աջակցում է գործող վարչակարգին՝ Բաշար ալ-Ասադի գլխավորությամբ, իսկ Պարսից ծոցի արաբական միապետությունների կողմից հովանավորվող սուննիական «Մարտի14» ուժերի դաշինքը՝ սիրիական ընդդիմադիրներին:

Եվ ահա, նշված հակասությունների ազդու, կողմերը որևէ կերպ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ սեփական երկրի նախագահի ընդհանուր թեկնածուի հարցում: Բանն այն է, որ Լիբանանի սահմանադրության համաձայն՝ նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել քրիստոնյա մարոնիների համայնքի ներկայացուցիչը: Հիմնական թեկնածուները երկուսն են՝ գեներալ Միշել Աունն, ում աջակցում են «Հիզբալլահը» և նրան հարող ուժերն, իսկ մյուս կողմից՝ «Լիբանանյան ուժեր» կուսակցության առաջնորդ Սամիր Ջաաջան, ում պաշտպանում է «Մարտի 14» սուննիական դաշինքը՝ «Ալ-Մուսթակբալ» կուսակցության գլխավորությամբ. 2 հակադիր ուժերի հնարավորություններն էլ գրեթե հավասար են խորհրդարանում, այդ իսկ պատճառով թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվում անհրաժեշտ ձայներ հավաքել սեփական թեկնածուի համար, իսկ հաճախ այս հարցի հետ կապված՝ խորհրդարանում անգամ քվորում ապահովել չի հաջողվում, ինչի հետևանքով էլ նախագահկան ընտրությունները պարբերաբար հետաձգվում են:

Ինչ վերաբերում է Լիբանանի նախագահի ընտրության առաջիկա հնարավորությանը, կասկածից վեր է, որ հերթական փորձը ևս տապալվելու է: Իսկ նման փակուղային իրավիճակը շարունակվելու է ճիշտ այնքան ժամանակ, մինչև դիրքորոշումների մոտեցման որոշակի եզրեր չձևավորվեն Մերձավոր Արևելքում իսլամի շիայական և սուննիական ուղղությունների առաջնորդներ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել