Պապի այցի երկրորդ օրն արդեն տրամադրությունները փոխվում են կարծես: Խոսքն այն մարդկանց մասին չէ, որ ամեն առիթ օգտագործում են իրենց [պատվիրված] գիծն առաջ տանելու կամ հավատացյալների/եկեղեցու վրա «ղժժալու» համար:
Էստեղ խնդիրն ավելի խորքային է: Այո, պապի այցը կարծես նաև մարտահրավեր է՝ ուղղված առաջին հերթին մեր եկեղեցու հոգևորականներին: Եվ համեմատությունները, որ առաջին իսկ օրվանից արվում են, կարծում եմ՝ անխուսափելի են. նախ՝ որովհետև մարդ սիրում է համեմատել գրեթե ամեն ինչ, և իրականում համեմատում են համեմատելին՝ Քրիստոսի խոսքի կատարումը և հավատացյալների առաջնորդումը ստանձնած մարդկանց: Բնականաբար, միամիտ է կարծել, թե կաթոլիկ բոլոր հոգևորականները պապի պես են, բայց պապը կաթոլիկ եկեղեցու դեմքն է, և հենց նման մարդու ընտրությամբ կաթոլիկ եկեղեցին իր ուղերձն է հղել՝ սահմանելով առաքելության հիմնական առաջնահերթություններն արդի աշխարհում:
Մյուս կողմից՝ ցանկացած փոփոխություն ցավոտ է, ջանք է պահանջում, բայց առանց այդ փոփոխությունների վերջնական լճացումն ուղղակի անխուսափելի է: Այնպես որ, ես ահավոր բան չեմ տեսնում այդ քննարկումներում, և փոփոխություններ կլինեն, եթե ցանկություն լինի:

Հ. Գ. Մեր հոգևորականներից մեկը Ֆեյսբուքում հարց էր բարձրացրել՝ արդյո՞ք Օձնեցին բենթլիով կշրջեր, եթե մեր օրերում ապրեր: Մի կողմ թողնելով հանգամանքը, որ Օձնեցին շքեղ հագնված ներկայացել էր մահմեդական պաշտոնյանի, պիտի արձանագրել՝ խնդիրն այստեղ այն է, որ այսօրվա մարդը չի կարող դրականորեն ընկալել "բենթլիով շրջող" հոգևորականի, նույնիսկ եթե նա հագուստի տակից Օձնեցու պես քուրձ է հագել (որովհետև այսօր մեծ մասամբ և առաջին հերթին մարդիկ հենց արտաքին գործոններին են ուշադրություն դարձնում): Կարծում եմ՝ այսօրվա հավատացյալը ցանկանում է տեսնել հասարակ մեքենայով շրջող, ժպտացող, [կարիքավոր] մարդկանց հետ ողջագուրվող, շփվող հոգևորականի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել