Tert.am-ը գրում է.

Երևանի Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցա էկումենիկ արարողության և Խաղաղության աղոթի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես եկավ ուղերձով, որ ներկայացնում ենք ստորև։

Մեծարգո՛ և հո՛ւյժ սիրելի Եղբայր, Ծայրագո՛ւյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս,

Պարո՛ն Նախագահ,

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

Թող որ Աստծո օրհնությունն ու խաղաղությունը լինեն ձեզ հետ:


Շատ էի փափագում այցելել այս սիրելի երկիրը, ձեր Աշխարհը, որ առաջինն ընդունեց քրիստոնեական հավատը: Ինձ համար առանձնաշնորհություն է գտնվել այս բարձունքների վրա, որտեղ Արարատ լեռան հայացքի ներքո նույնիսկ լռությունը մեզ խոսուն է թվում. խաչքարերը մեզ պատմում են անկրկնելի մի պատմություն՝ ամրակուռ հավատով և սոսկալի տառապանքներով հյուսված, մի պատմություն՝ հարուստ Ավետարանի սքանչելի վկաներով, որոնց ժառանգներն եք դուք: Գալիս եմ Հռոմից ուխտավոր՝ ձեզ հետ հանդիպելու և սրտի խորքից բխող իմ զգացումը արտահայտելու.  այն ձեր եղբոր սերն է, եղբայրական գրկախառնումն է ամբողջ Կաթողիկե Եկեղեցու, որ ձեզ սիրում է և ձեր կողքին է:

Անցյալ տարիներին մեր եկեղեցիների միջև միշտ շատ հարգալից և հույժ հիշարժան այցերն ու հանդիպումները Աստծո շնորհիվ սերտացան. Նախախնամությունը կամենում է, որ հենց այս օրը, երբ այստեղ Քրիստոսի սուրբ Առաքյալների հիշատակն է նշվում, կրկին միասին լինենք՝ ամրապնդելու առաքելական հաղորդությունը մեր միջև: Շատ երախտապարտ եմ Աստծուն մեր եկեղեցիների «իսկական և ներքին միության համար» (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ, «Համամիութենական ծիսակատարություն», Երևան, 26 սեպտեմբերի 2001թ., «Ուսուցումներ ԻԴ», 2 [2001], 466) և շնորհակալ եմ ձեզ Ավետարանին շատ անգամ հերոսական հավատարմության համար, որ անգնահատելի պարգև է բոլոր քրիստոնյաների համար: Մեր հանդիպումը «գաղափարների փոխանակում չէ, ընծաների փոխանակում է» (հմմտ. Նույն, Շրջաբերական նամակ «Զի եղիցին մի», 28). Հնձենք այն, ինչ Հոգին է մեր մեջ ցանել, որպես յուրաքանչյուրին նվեր (հմմտ. Առաքելական հորդոր «Ավետարանական ցնծություն», 246): Մեծ ուրախությամբ կիսում ենք միասին կտրած արդեն շատ հառաջացած ճանապարհի բազում քայլերը և, իրոք, լիահույս նայում ենք այն օրերին, երբ Աստծո օգնությամբ միացած կլինենք Քրիստոսի զոհասեղանի շուրջ՝ հաղորդության ամբողջական միությամբ: Դեպի այդ բազմատենչ նպատակը «ուխտավորներ ենք, և ճամփորդում [...] ենք միասին՝ մեր սրտերը անկասկած ու անվարան վստահելով ուղեկցին» (Նույն, 244):

Այդ ճանապարհին մեզ նախորդում և ընկերակցում են բազում վկաներ, հատկապես բազմաթիվ նահատակները, որ արյամբ կնքեցին հասարակաց հավատը ի Քրիստոս. նրանք մեր աստղերն են երկնքում, որ փայլում են մեր գլխավերևում և նշում են ճանապարհը, որ մեզ մնում է կտրել այս աշխարհում դեպի ամբողջական հաղորդություն: Մեծ Հայրերի շարքին ուզում եմ ակնարկել սուրբ Ներսես Շնորհալի Կաթողիկոսին: Նա արտակարգ սեր էր տածում իր ժողովրդի և նրա ավանդությունների հանդեպ և միաժամանակ հակված էր մյուս եկեղեցիներին, անխոնջ միության փնտրտուքին՝ Քրիստոսի կամքը իրականացնելու փափագով, որպեսզի հավատացողները «մեկ լինեն» (Հովհ., 17,21): Արդարև, միությունը ռազմավարական առավելություն չէ՝ փոխադարձ շահերի փնտրտուքով, այլ այն, ինչ Հիսուսը խնդրում է մեզնից, և որ մեզ է մնում իրագործել բարի կամքով և բոլոր ուժերով՝ իրականացնելու համար մեր առաքելությունը. աշխարհին հետևողականորեն պարգևելու Ավետարանը:

Անհրաժեշտ միությունը իրականացնելու համար, ըստ սուրբ Ներսեսի, բավարար չէ որևէ մեկի բարի կամքը Եկեղեցում, անհրաժեշտ է բոլորի աղոթքը: Գեղեցիկ է այստեղ հավաքված լինելը՝ մեկս մյուսի համար, մեկս մյուսի հետ աղոթելու: Եվ հատկապես աղոթքի նվերն է, որ եկել եմ այս երեկո ձեզնից խնդրելու: Իմ կողմից վստահեցնում եմ, որ Հացն ու Բաժակը սուրբ սեղանի վրա ընծայելիս չեմ դադարում ներկայացնել Տիրոջը Հայ Եկեղեցուն եւ ձեր սիրելի ժողովրդին:

Սուրբ Ներսեսը զգում էր նաև փոխադարձ սերը կրկնապատկելու անհրաժեշտությունը, որովհետև միայն սերն է ի վիճակի դարմանելու հիշողությունը և բուժելու անցյալի վերքերը. միայն սերն է ջնջում նախապաշարումները և թույլ տալիս ընդունել, որ եղբոր հանդեպ բաց լինելը մաքրում և բարվոքում է սեփական համոզումները: Այդ սուրբ Կաթողիկոսի համար դեպի միության ճանապարհին էական է ընդօրինակել Քրիստոսի սիրո ոճը՝ «նա, որ հարուստ էր» (Բ Կոր. 8-9), «խոնարհեցրեց ինքն իրեն» (Փիլ. 2, 8): Իր օրինակով՝ կանչված ենք քաջությունն ունենալու ձերբազատվելու քարացած համոզումներից և սեփական շահերից՝ հանուն սիրո, որ խոնարհվում է և նվիրվում, հանուն խոնարհ սիրո.  այն քրիստոնեական կյանքի օրհնյալ յուղն է, հոգևոր թանկարժեք բալասանը, որ առողջացնում է, զորացնում և սրբացնում: «Թերությունները ծածկենք միասնական սիրով» (Ներսես Շնորհալի Կաթողիկոս Հայոց, «Նամակք», Վենետիկ, 1873, 316). և նույնիսկ հասկացնում էր սիրո յուրահատուկ քաղցրությամբ, որ փափկացնում է սրտի կարծրությունը նաև քրիստոնյաների, որ շատ հաճախ եսակենտրոն և սեփական շահերի հետևից են ընկած: Ոչ թե հաշիվները և օգուտը, այլ խոնարհ և անձնուրաց սերը Հոր բարեգթությունն է շարժում, Քրիստոսի օրհնությունը և Սուրբ Հոգու առատությունը: Աղոթելով և «սրտանց իրար բուռն սիրելով» (հմմտ. Պետ. 1, 22), խոնարհությամբ և հոգու բացվածքով տրամադրվենք ստանալու միության աստվածային ընծան: Վճռականությամբ շարունակենք մեր ընթացքը, ավելին, վազենք դեպի մեր միջև ամբողջական հաղորդությունը:

«Ձեզ եմ թողնում իմ խաղաղությունը: Ոչ ինչպես աշխարհն է տալիս, ես ձեզ եմ տալիս» (Հովհ. 14, 27): Լսեցինք Ավետարանի այս խոսքերը, որոնք մեզ տրամադրում են Աստծուց պաղատելու այն խաղաղությունը, որն աշխարհն այդքան դժվարանում է գտնել: Որքան մեծ են այսօր խաղաղության ճանապարհին կանգնած խոչընդոտները, և որքան ողբերգական՝ պատերազմների հետևանքները: Մտածում եմ այն ժողովուրդների մասին, որոնք ստիպված են թողնել ամեն ինչ, հատկապես Միջին Արևելքում, որտեղ բազմաթիվ եղբայրներ և քույրեր ենթարկվում են բռնության և հալածանքի՝ ատելության և հակամարտությունների պատճառով, որոնք շարունակ հրահրվում են զենքի տարածման և վաճառքի խարանի, ուժի դիմելու փորձության և մարդու՝ հատկապես տկարների, աղքատների և նրանց, ովքեր խնդրում են միայն պատվարժան կյանք, նկատմամբ հարգանքի պակասի պատճառով:

Չեմ կարողանում չմտածել այն սոսկալի փորձությունների մասին, որոնց միջով անցել է ձեր ժողովուրդը. ընդամենը մի դար է անցել Մեծ Եղեռնից, որ ձեզ պատուհասեց: Այս «սոսկալի եւ խելագար  ջարդը» (Ուղերձ Սուրբ Պատարագի սկզբին հայածես հավատացյալների, 12 ապրիլի 2015թ.), այս անարդարության ողբերգական խորհուրդը, որ ձեր ժողովուրդը իր մարմնի վրա կրեց, միշտ տպավորված է մնում հիշողության մեջ և այրում է սիրտը: Ուզում եմ շեշտել, որ ձեր տառապանքները մեզ են պատկանում, «Քրիստոսի խորհդավոր մարմնի անդամների տառապանքներն են» (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ, «Առաքելական նամակ հայ ժողովրդի Մկրտութեան 1700-ամեակի առիթով», «Ուսուցումներ ԻԴ», 1 [2001], 275); դրանք հիշելը ոչ միայն պատեհ է, այլև՝ պարտավորություն. բոլոր ժամանակների համար թող ազդակ դառնան, որպեսզի աշխարհը այլևս երբեք չընկնի այդպիսի սխալների հորձանքի մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել