Մեծ Բրիտանիան որոշեց լքել Եվրոպական Միությունը։ Սա հանրաքվեի արդյունքն է, որին կողմ են քվեարկել 16.5 միլիոն բրիտանացիներ։ ԵՄ-ն վերազգային մարմին է, առավել ինտեգրված, քան ԵՏՄ-ն, պակաս ինտեգրված, քան ասենք՝ ԽՍՀՄ-ն։ Վերազգային մարմնին անդամակցելով յուրաքանչյուր անդամ պետություն իր սուվերենության մասնիկն է զիջում այդ մարմնին։ Բրիտանյան այս առումով ամենաքիչ զիջողն էր։ Նա այդպես էլ չհրաժարվեց բրիտանական ֆունտից՝ ի օգուտ եվրոի և չմտավ Շենգենյան համաձայնագրի գոտի։ Այդուհանդերձ այս որոշման մեջ որոշակի ինքնորոշման իրավունքի դրսևորում կա։ Բրիտանացիները որոշեցին «անկախանալ» ԵՄ-ից։

Մեծ Բրիտանիայի մաս կազմող Շոտլանդիան 2014-ին հանրաքվե կազմակերպեց՝ որոշելու, մնա՞լ, թե՞ չմնալ Բրիտանիայի կազմում։ Այս հանրաքվեի դեմ Բրիտանական իշխանությունները չըդվզեցին և թույլ տվեցին շոտլանդացիներին ինքնուրույն ընտրել իրենց ապագան՝ տարածքային ամբողջականության, կամ ինքնորոշման միջև։ Սա քաղաքակիրթ մոտեցում էր բրիտանական իշխանությունների կողմից և Շոտլանդիա զորք չմտցվեց, ինքնորոշման կողմնակիցներին արյան մեջ խեղդելու փորձեր չարվեցին։ Այլ հարց է, որ Շոտլանդացիք մտածում էին, որ Բրիտանիայի կազմից դուրս գալը մեխանիկորեն նշանակում է դուրս գալ ԵՄ-ից և սա ծանր հետևանքներ կարող է ունենալ։ Արդյո՞ք հիմա Շոտլանդացիք կցանկանան կրկնակի հանրաքվե անել, դժվար է ասել, սակայն այն հանգամանքը, որ հանրաքվեի ուժով ժողովուրդն ունի ինքնորոշվելու իրավունք, առանց հաշվի առնելու Բրիտանիայի տարածքային ամբողջականությունը, դա արդեն կարևոր ձեռքբերում է։ Ի դեպ, Շոտլանդիան կողմ է քվեարկել Բրիտանիայի՝ ԵՄ անդամակցությանը։ Չի բացառվում, որ մոտ ապագայում այն կրկին անկախության հանրաքվե անցկացնի՝ դուրս գալով Բրիտանիայից անդամակցի ԵՄ-ին՝ որպես անկախ պետություն։

P.S. Ես էլ դեմ չեմ լինի, որ Արցախը վաղը՝ որպես անկախ պետություն, որոշի դառնալ ասենք ԵՄ անդամ։ Կարևորը ինքնորոշման իրավունքը կյանքի կոչելն է։ Պատկերացրեք Հայաստանը ԵՏՄ, Արցախը ԵՄ անդամ :)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել