Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիան որոշել է դուրս գալ Եվրամիության կազմից՝ պատմական որոշում, որը կփոխի երկրի դերն աշխարհում ու կցնցի մայրցամաքը, գրում է The New York Times-ը:

 

Չնայած այդ հարցով հանրաքվեից առաջ անցկացված հարցումներին՝ արդյունքները, այնուամենայնիվ, ցնցեցին Մեծ Բրիտանիան, Եվրոպան և Տրանսատլանտյան դաշինքը:

 

Բրիտանիան կդառնա առաջին երկիրը, որը կլքի 28 անդամից բաղկացած միությունը: Պատմական այս որոշումը բեկումնային պահ է Բրիտանիայի պատմության մեջ, որը կարող է դասակարգվել 20-րդ դարի երկու համաշխարհային պատերազմների հետ նույն շարքում, գրում է The Guardian-ը: Բրիտանիան ստիպված կլինի այդ քայլի քաղաքական, սահմանադրական, դիվանագիտական և տնտեսական հետևանքներով ապրել մեկ կամ ավելի տասնամյակ, հավելում է լրատվամիջոցը:

 

Միջազգային ԶԼՄ-ները, անդրադառնալով հանրաքվեի արդյունքներին, փորձել են ներկայացնել, թե ինչ է լինելու ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուց հետո:

 

Անմիջապես՝ ոչինչ, գրում է The Economist-ը: Ամեն ինչ կախված կլինի բանակցություններից, որոնք կարող են տարիներ տևել, իսկ ոչ ոք չգիտի, թե քանի տարի:

 

Դևիդ Քեմերոնի առաջին նպատակը որպես վարչապետ կլինի շուկաները «հանգստացնելը»: Ասիայի շուկաներն արդեն արձագանքել են նորությանը: Ֆունտն արդեն 9 տոկոսի անկում է գրանցել դոլարի նկատմամբ և 13 տոկոսի անկում՝ յենի նկատմամբ: Ճապոնիայի հիմնական ֆոնդային շուկան մոտ 8 տոկոսի անկում է գրանցել: Որոշ փորձագետներ նախազգուշացնում են, որ սթերլինգը կարող է 20 տոկոսի անկում գրանցել:

 

Քեմերոնը խոստացել է, որ Բրիտանիան անմիջապես կդիմի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածին, որը երկու տարվա ժամկետ է սահմանում դուրս գալու պայմանները համաձայնեցնելու համար: Բայց նրա ճակատագրի վերաբերյալ անորոշությունը կարող է հարցականի տակ դնել այս քայլը, քանի որ այդ հոդվածով Բրիտանիայի դուրս գալու պայմանները պետք է համաձայնեցվեն ԵՄ մյուս 27 անդամների կողմից:

 

Քեմերոնի համար դժվար կլինի շարունակել պաշտոնավարել, չնայած նա կարող է որոշել մնալ պաշտոնին ամռանը հարթ անցում ապահովելու համար դեպի նոր պահպանողական առաջնորդ: Նոր առաջնորդն իր հերթին ստիպված կլինի գործ ունենալ խորապես պառակտված կուսակցության և խորհրդարանի հետ, որի անդամների մեծ մասը կողմ էին ԵՄ-ում մնալուն և որի մի մասը կարող է ցանկանալ արգելք սահմանել տնտեսական անջատման հաստատման նկատմամբ, գրում է The Economist-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել