Վերջին շրջանում հանրային մեծ հնչեղություն ստացած Կոտայքի մարզի Գառնի համայնքի հետ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման թեման կարծես որոշակիորեն հանգուցալուծում է ստացել: Այսօր պարզ է դառնում, որ շինարարության նախագծային լուծումների, հնարավոր բնապահպանական ու սոցիալական ազդեցությունների վերաբերյալ ավելի քան երկու տարի տարվող քննարկումներն ավարտվել են:

Նախ նկատենք, որ Ջրպետկոմի այսօրվա տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նախատեսվում է Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ջրառի նախատեսված գլխամասային հանգույցը տեղափոխել Ազատ գետի հունով 5.2 կմ ներքև` ներկայումս գործող Գեղադիր-Հացավան պոմպակայանի տարածք:
Նախագծի համաձայն՝ գետում նոր ջրառի հանգույց չի կառուցվի, այլ կօգտագործվեն գոյություն ունեցող պոմպակայանի ենթակառուցվածքները: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում կիրականացվի նաև ջրի բաշխման առցանց մոնիտորինգ, որը հասանելի կլինի հանրությանը:

Գյուղի ավագանին, փորձագիտական շրջանակները կարծես բավարարվում են ու գոհ են այս փոփոխություններից: Գյուղիցների մի որոշ մասը, սակայն պնդում են, որ սրանով ոչինչ չի փոխվելու: Ջրային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, արդեն իսկ երևում է, որ ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը բավականաչափ փոփոխվել է ու մեծամասամբ բավարարում է գյուղացիների այն դժգոհությունները, որոնք առկա էին հենց սկզբից:

Ամենակարևորը, որ պետք է նշել՝ այս փոփոխություններով հնարավորություն կստեղծվի խուսափել հանգստյան գոտի ներկայացվող տարածքներում շինարարական աշխատանքներ իրականացնելուց:
Այսքանից հետո դժվար է հասկանալ, թե կոնկրետ ո՞րն է Գառնեցիների պահանջը, ինչի՞ են ձգտում հասնել և վերջապես ի՞նչ են ուզում: Նման ակտիվությունը կասկածելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել