Հայաստանում ծանոթ բարեկամով հարց լուծելու արատավոր սկզբունքը, կարելի է ասել, դարերի խորքից եկած սովորույթ է: Դե ի՞նչ կարող ես անել: Եթե մասնավոր ընկերությունները, պահպանելով «հին ադաթները», այնուամենայնիվ արդեն ավելի մեծ ուշադրություն են դարձնում մասնագիտական որակների վրա, ապա պետական ապարատում կան մի քանի հնամաշ դեմքեր, ովքեր կարծում են, թե պետական ապարատը պապերից եկած դուքյան է:

Օրերս պարզ դարձավ, որ Արտաքին գործերի նախարարությունում սկսվել է Խոսրով Հարությունյանի ազգատոհմ-գերդաստանին գործի տեղավորելու «հայանպաստ» գործընթաց: Քանի որ Հարությունյանի թափը այդքան էլ մեծ չէր, ինչպես ինքն է լրագրողների հետ զրույցում նշել, հետևաբար սկզբում աշխատանքի տեղավորեց որդուն, ապա մի երկու ամիս անց՝ փեսային: Հետաքրքիր զուգադիպությամբ, Հարությունյանի թափը կրկին չէր հերիքել միանգամից նախարարների պաշտոններին նշանակել բարեկամներին, որի մասին գուժել էր լրագրողներին. «Ես այդչափ ազդեցիկ անձնավորություն չեմ, եթե այդքան ազդեցիկ լինեի՝ նրանց նախարար կնշանակեին»:

Այստեղից կարելի է եզրակացնել, որ Հարությունյանի մոտ միայն ԱԳՆ-ի շենքում գործի հարց լուծելն է լավ ստացվում: Առիթ ունեմ կասկածելու, որ 2017-ին համամասնական ցուցակից դուրս մնալու դեպքում Խոսրովը գործի կտեղավորվի ԱԳՆ-ում, օրինակ, որպես փոխնախարարի տեղակալ:
Մեկ նախադասությամբ ամփոփելով. Խոսրով Հարությունյանը Հայաստանը դարձրել է պապերի գեղական խրճիթը, որտեղ պատրաստվում է տնկել ընտանեկան տոհմածառ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել