Tert.am-ը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուրբաթ օրը եռօրյա այցով կմեկնի Հայաստան, որտեղ կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչը հավանաբար ևս մեկ անգամ կսրի Վատիկանի և Անկարայի միջև հարաբերությունները, գրում է The Wall Street Journal-ը:

 

Այս այցը տեղի է ունենում Կովկասյան անհանգիստ տարածաշրջանում բռնության խոշոր բռնկումից հետո, գրում է թերթը՝ նկատի ունենալով ապրիլյան քառօրյա պատերազմը:

 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի հիմնական հարցն այն է, թե արդյոք Պապը կկրկնի՞ անցած տարի բարձրաձայնած «20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին» խոսքերը:

 

WSJ-ն հիշեցնում է, որ Թուրքիան 2015 թվականին Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ արված հայտարարությանն արձագանքեց Վատիկանում իր դեսպանին խորհրդակցությունների համար անմիջապես հետ կանչելով: Դեսպանը վերադարձավ միայն 10 ամիս անց: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտեց Պապի հայտարարությունը և նախազգուշացրեց նրան «չկրկնել այդ սխալը»:

 

Թերթը հիշեցնում է, որ Սուրբ Հովհաննես Պողոս II-ն օգտագործել է «ցեղասպանություն» բառը 2001 թվականին Հայաստան այցի ժամանակ՝ Գարեգին II կաթողիկոսի հետ համատեղ հայտարարությունում: Բայց Ֆրանցիսկոս պապն է՛լ ավելի հեռուն գնաց՝ ցեղասպանությունն անվանելով 20-րդ դարում «երեք մեծ և աննախադեպ ողբերգություններից մեկը»։

 

Ֆրանցիսկոս պապը 1915 թվականի սպանությունները կապել է նաև մեր օրերում հավատքի կամ իրենց ազգային պատկանելության համար զանգվածային հետապնդումների և բռնությունների հետ: Հռոմի պապը բազմիցս բարձրաձայնել է քրիստոնյաների հետապնդումների մասին, հատկապես՝ մահմեդական մեծամասնությամբ երկրներում: Ֆրանցիսկոս պապը նաև նշել է, որ քրիստոնյաների հետապնդումը պատճառ է հանդիսանում քրիստոնեական մյուս եկեղեցիների հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել