Tert.am-ը գրում է.

Հայաստանում Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսը ձևավորվել է Արևմուտքի ճնշմամբ: Tert.am-ի հետ զրույցում ասաց  քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նպատակը, ըստ քաղաքագետի, հաջորդ խորհրդարանում որքան հնարավոր է շատ արևմտամետ ուժերի ներկայացվածությունն է, ինչի շնորհիվ ԵՄ-ն ավելի հեշտ կկարողանա ազդել քաղաքական որոշումների վրա, իրականացնել՝ Հայաստանը ԵՏՄ-ից հանելու կամ ՌԴ-ի ազդեցությունը թուլացնելու քաղաքականությունը:


- Ինչպե՞ս եք վերաբերում Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված «4+4+4»-ի կողմից օրերս ստորագրված քաղաքական համագործակցության մասին փաստաթղթին: Կարելի՞ է արդյոք համարել, որ կա կոնսենսուս:


- Նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ լիարժեք կոնսենսուս չկա: Քաղաքական ուժերի՝ իշխանության ու ընդդիմության միջև, կա կոնսենսուս միայն որոշակի դրույթների վերաբերյալ, որոնք էլ ամփոփվել են «4+4+4»-ի համաձայնեցված փաստաթղթում: 


Կողմերի միջև ստորագրված քաղաքական համաձայնության փաստաթղթում կան որոշակի առաջընթաց քայլեր, որոնք տարբերվում են բուն Ընտրական օրենսգրքից՝ կապված, օրինակ, նկարահանման սարքերի տեղադրման հետ, բայց սա չի նշանակում, որ այդ համաձայնությունը ապահովելու է ընտրական գործընթացի 100 տոկոսանոց թափանցիկություն: Ընտրական օրենսգիրքը ընտրական ամբողջ գործընթացում մի տարր է, ուստի ամեն ինչ կապել փաստաթղթի հետ, այն էլ մեր իրականության մեջ, այդքան էլ ճիշտ չէ: ԸՕ-ն ընտրական պրոցեսի կառավարման գործընթացում 5 տոկոս է, մնացած 95-ը՝ ընտրակաշառքն է, ադմինիստրատիվ ռեսուրսներն են և այլն:


Իսկ ազատ, արդար ընտրություններ չանցկացնելու համար իշխանությունները 2 պատճառ ունեն: Առաջինը՝ 2017-ին իշխանությունը կորցնելու վախն է: Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ եթե ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնեն, հավանական է, որ իշխանափոխություն տեղի ունենա: Երկրորդը՝ ընդդիմության խնդիրն է, որ գտնեն ազդեցության արտաքին լծակներ՝ կա՛մ Արևմուտքից, կա՛մ Ռուսաստանից, որ նրանց ճնշման միջոցով հայտնվեն խորհրդարանում:


- ԸՕ շուրջ քաղաքական ուժերի միջև կայացած կոնսենսուսի պարագայում  միջազգային կառույցները պատրաստակամություն էին հայտնել մոտ 11 միլիոն դոլար տրամադրել՝ փոփոխություններ իրականացնելու համար: Կարծում եք՝ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար, հաջողված կհամարվե՞ն Եվրամիությունից ֆինանսավորում ստանալու համար:


- Այն չափով, ինչ չափով որ կա կոնսենսուս, եղել է միայն Եվրամիության ճնշմամբ, ոչ թե հանրային պահանջով: Հասարակությունը ԸՕ փոփոխության արդյունքում որևէ միջամտություն չի ունեցել: Եվրամիության պահանջն էր ճնշում գործադրել իշխանությունների ու ընդդիմության վրա՝ փոխզիջման գնալու համար: Ուստի, կարծում եմ, որ Արևմուտքը կփոխանցի իր խոստացված 11 միլիոնը, մնացած 5 միլիոնը, որը պակասում է փոփոխություններն անելու համար, ՀՀ իշխանությունները պետք է բյուջեից տրամադրեն կամ էլ գործի դնեն խոշոր գործարարներին, որոնց համար 5 միլիոնը ամենևին էլ գումար չէ, մի րոպեում կգտնեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել