Խնձորը համարվում է ամենաօգտակար մրգերից մեկը, որն ի դեպ քերած կամ քամած վիճակում կարելի է տալ մայրական կաթով սնվող նորածին երեխաներին, որպես առաջին հավելյալ սնունդ։ Հետաքրքիր է, որ եփած խնձորի օգտակար հատկություններն ավելի շատ են։ Այն օրգանիզմը ազատում է ավելորդ խոլեստերինից, կանխարգելում է ուռուցքների առաջացումը և մաքրում ստամոքսը․․․ Իսկ եթե խնձորը համադրում ես չամիչի, ընկույզի, դարչինի և մեղրի հետ, ապա այս դեսերտը դառնում է դեղատոմս, ոչ թե սնունդ ․․.

Եվ այսպես՝ 6 բաժին լցոնած խնձոր պատրաստելու համար, մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝

Խնձոր – 6 հատ - 400դր

Ընկույզ – 50գր - 350դր

Չամիչ  - 50գր - 100դր

Շաքարավազ – 3 թ/գդ

Մեղր – 6 թ/գդ

Դարչին – 1 թ/գդ

Ընդհանուր գումարը՝ 1000 դր

Պատրաստման տևողությունը՝ 30 րոպե

Լվանալ խնձորները, ըստ ցանկության կլպել, կտրել վերևի մասը խուփի տեսքով, փորել միջուկը և դնել մի կողմ։

Լցնել խորը ափսեի մեջ ընկույզը, չամիչը, շաքարավազն ու դարչինը, խառնել և դրանով լցոնել խնձորները: Վերջում փակել դրանք կտրատած մասերով և դնել նախապես 220 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ: Եփել 20 րոպեից ոչ ավել, որ վիտամինները պահպանվեն։ Հանել ջեռոցից և յուրաքանչյուրի մեջ մեկական գդալ մեղր լցնել՝ այլ կերպ չի կարելի, քանի որ մեղրը 40 աստիճանից բարձր ջերմության դեպքում կորցնում է իր ողջ օգտակարությունը։ Դեսերտը պատրաստ է, կարող եք վայելել․․ 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել